Հասարակություն - Հաճընի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Հաճընի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98-ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

 

Ցերեկույթը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ հանձին նախագահ Հովհաննես Գրիգորյանի: Նրա խոսքով՝ Միությունը հերոսամարտի 100-ամյակին նախատեսում է թողարկել ֆիլմաշար, որի համար համապատասխան նյութը հավաքվել է տարիներ շարունակ: «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք, մեզ հետ չեն, բայց նրանց խոսքը, նրանց պատգամը ցանկանում ենք փոխանցել մեր հետագա սերունդներին, ուստի որոշել ենք 100-ամյակի առթիվ ֆիլմաշար պատրաստել»,-նշեց Հ. Գրիգորյանը: Նա հավելեց նաև, որ թեև իրենց միջոցները սուղ են, նպատակ ունեն նաև հրատարակել գրքեր, որոնք նորովի կլուսաբանեն հերոսամարտը, որովհետև, ըստ պարոն Գրիգորյանի, դեռ կան հարցեր, որոնք կարոտ են հավուր պատշաճի ներկայացման:

 

Նպատակ կա նաև կազմակերպելու գիտաժողով՝ աշխարհասփյուռ հաճընցիների, պատմաբանների և համապատասխան այլ մասնագետների մասնակցությամբ: Այսքանով ծրագրերը չեն սահմանափակվում, ընթացիկ գործերը շատ են, և Միությունն արել ու անում է հնարավորինս, որպեսզի 100-ամյակը պատվով անցկացնեն, իսկ այս միջոցառումը միայն սկիզբն է: Ոգեկոչման ցերեկույթը սկսվեց դեռ «Հաճըն» հայրենակցական միության գրասենյակում՝ հիշատակի անկյան մոտ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Այդտեղ ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդես եկավ հոգեհանգստյան աղոթքով՝ հիշելով նաև Հաճընի հերոսներին:

 

Այնուհետև տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը, որը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող, ասմունքող, հաղորդավար Սարգիս Նաջարյանը, իսկ բեմում իրենց ելույթներով փայլում էին Արսեն Համբարյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, Ջիվանու աշուղական դպրոցի սաները: Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ հաճընցի հերոսներին. հիշատակվեցին թե՛ Մեծն Մուրադն ու Արամ Կայծակը, թե՛ նորօրյա հերոսներ Սուրեն Ճարատանյանն ու նորհաճնցի երիտասարդ Գևորդ Մղդեսյանը, որոնք երկուսն էլ նահատակվել են Ապրիլյան պատերազմում: Մեզ հետ զրույցում Հ. Գրիգորյանը նշեց, որ «Հաճըն» հայրենակցական միության անդամները մեծապես կարևորում են հաճընցիական ոգին միշտ վառ պահելը, ինչին էլ միտված է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը. «Մենք պիտի ճանաչենք մեր հերոսներին, քաջ գիտենանք մեր անցյալն ու պատմությունը, որպեսզի մեր երազած ապագան ներկա դառնա:

 

Այսօր մենք նոր Հայաստանում ենք ապրում և լիահույս ենք, որ մեր նոր իշխանությունները հետևողական կլինեն Հայկական հարցի բարձրացման գործում: Մեր միությունն իր գործունեության ողջ ընթացքում օգտագործել և օգտագործում է իր ամբողջ ներուժը՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: Մենք պիտի հասկանանք, որ միայն ճանաչում և դատապարտում պահանջելով հարց չենք լուծի. վաղուց արդեն հատուցման ժամանակն է»:

 

Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաև բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Հարությունը և պատմաբան Արտաշես Կրկյաշարյանը: Վերջինս հանդես եկավ հերոսամարտի 100-ամյակի առթիվ ողջ Միությունով Հաճըն մեկնելու առաջարկությամբ, ինչն էլ ընդունվեց բուռն ծափահարություններով: Ի դեպ՝ այս տարի նշվում է նաև հաճընցիների շնորհիվ հիմնադրված Նոր Հաճն քաղաքի 60-ամյակը, և հենց այդ իրադարձությանն էլ նվիրված էր հոկտեմբերի 14-ին քաղաքում կայացած մեծ միջոցառումը, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Սփյուռքից:

 

Միջոցառման ընթացքում քաղաքապետն անձամբ պարգևատրեց քաղաքի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց, որոնցից մեկն էլ Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանն է: Նրան շնորհվեց ոսկե հուշամեդալ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ