Հասարակություն - ԱՄՆ դեսպանը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Փաշինյանը, ընդունելով դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար:

 

Այս մասին  հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

 

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Ռիչարդ Միլսին հետագա գործունեության մեջ:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ:

 

«Որպես Միացյալ Նահանգների դեսպան՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, և ես հպարտությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների շարունակաբար զարգացող կապերը բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև պետական կառավարում և քաղհասարակություն: Վստահ եմ՝ այս կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին: Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ», - ասել է Ռիչարդ Միլսը:

 

Նրանք մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի, ընթացիկ ծրագրերի և զարգացման հեռանկարների շուրջ:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին:

 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի թափանցիկության բարձրացման ճանապարհով:

 

Դեսպան Միլսը ողջունել է կառավարության քայլերն ու բարեփոխումներն այս ուղղություններով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ