Հասարակություն - Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին. Արման Թաթոյան

Վաղաժամկետ դադարեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները: Գործընկերոջս սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ իրավապաշտպան այս հաստատությունը միջազգային կառույցներում ստացավ լայն ճանաչում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Քաղաքակիրթ աշխարհին պետք է ճանաչելի դարձնել Արցախն իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Այստեղ ապրում են կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ում իրավունքները պետք է լինեն պաշտպանված: Արցախում բնակվող մեր հայրենակիցների կյանքի ու առողջության պաշտպանությունը, նրանց ֆիզիկական անվտանգության ապահովումն առաջնահերթ են:

 

Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին: Պետք է ապահովել միջազգային իրավապաշտպան հանրության այցերն Արցախ:

 

Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ով իր անկախ աշխատանքն իրականացնում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ առանց քաղաքական ազդեցության կամ ուղղորդման: Այս հաստատությունն ապահովել է արդյունավետ աշխատանք Յուրի Հայրապետյանի գործունեությամբ ու կայացման բարձր նշաձողի արժանացել Ռուբեն Մելիքյանի նվիրված ջանքերի շնորհիվ:

 

Գործընկերոջս զեկույցներով քաղաքակիրթ աշխարհին ներկայացվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունները, հայատյացության իրական վիճակը և այլն: Այդ զեկույցները ներկայացված են միջազգային հեղինակավոր կառույցների՝ Human Rights Watch, Amnesty International, European Ombudsman Institute և այլն:

 

Բնույթով բացառիկ էր Եվրախորհրդարանի շենքում Ռուբեն Մելիքյանի ասուլիսը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով: Արցախի օմբուդսմանի հաստատության կայացման կարևոր ցուցիչ դարձավ Ռ.Մելիքյանի մասնակցությունը Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին ու ղեկավար կազմի քվեարկությանը՝ այլ երկրների օմբուդսմանների հետ հավասար հիմունքներով: Ռուբեն Մելիքյանը զգալի աշխատանք տարավ նաև սփյուռքի շրջանում՝ ներկայացնելով իր գործունեության արդյունքները թե՛ սփյուռքին, թե՛ սփյուռքի աջակցությամբ՝ այլ երկրներին:

 

Այս ընթացքում, իհարկե, էլ ավելի ամրապնդվեց Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը: Այն դարձավ առավել արդյունավետ ու ամբողջական:

 

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ռուբեն Մելիքյանին հայրենանվեր աշխատանքի համար և մաղթում նրան նորանոր ձեռքբերումներ ու բազում հաջողություններ»,- գրել է Արման Թաթոյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ