Հասարակություն - Ես գնում եմ, ով ուզում է, թող գա. Աշոտ Ղուլյանն այսօր կդառնար 59 տարեկան

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղույլանը, նույն  ինքը՝ Բեկորը այսօր կդառնար 59 տարեկան:

Շուշիի ազատագրման ժամանակ նրա վաշտն առաջինն է մտել Շուշի:

 

Աշոտին Բեկոր սկսեցին անվանել, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, տղաներից 4-ի անունն Աշոտ էր: Տարբերելու համար որոշում են այլ կերպ կոչել: Աշոտն այդ ընթացքում ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր էր «վաստակել». կնքեցին բեկոր (ասկոլկա):

 

«Հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

 

Բեկորը ծնվել է հոկտեմբերի վեցին` Բաքվում: Աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարիտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին:

 

Աշոտը բազմարհեստ մարդ էր` դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ:

 

Նա հասկանում էր Արցախյան ազգային ազատագրական շարժման հենց սկզբից, որ առանց զենքի` ազատության չեն հասնի և ընկերների հետ միասին սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամամանակ էլ 3 անգամ վիրավորվում:

 

ԼԶՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկորն արժանացել է նաև «Ոսկե արծիվ» և Շուշիի ազատագրում» շքանշանների:

 

1992 թվականի օգոստոսի 24-ին Դրնմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվեց Աշոտ Ղուլյանը:

 

Հերոսն ասում էր. «Ես գնում եմ, ով ուզում է, թող գա»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ