Հասարակություն - ՀՀ նախագահն ԱՄՆ-ում արժանացել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա մրցանակին

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արևելք-Արևմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին և այլք:

 

Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

 

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արևելք-Արևմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է.

 

«Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի և արձանագրած նվաճումների, ինչպես նաև համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի և պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

 

Արևելք-Արևմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»:

 

Արևելքի և Արևմուտքի միջև Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

 

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարևոր է, իսկ Արևելք-Արեըմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թանքներից(think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ Նախագահի խոսքով՝ երբ կա կարևոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն. «Դուք ունեք այդ մեծ էներգիան՝ մտածելու որևէ բանի մասին, հավատալու դրան ու այն կյանքի կոչելու, փորձելու կատարել այդ փոքր, սակայն կարևոր փոփոխությունը»:

 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաև այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

 

«Եթե 20-րդ դարը բնական պաշարների և, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու:

 

21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն բան արվելու է և ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու:

 

Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին»: Ազատությունն ու ապրելու իրավունքը ոչ միայն բացարձակ ու անսակարկելի արժեքներ են, այլև հենց այն հատման կետերը, որոնք պետք է միավորեն բոլորի շահերը:

 

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել:

 

Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան:

 

Հավատացած եմ, որ այնպիսի կենտրոնները, ինչպիսին Արևելք-Արևմուտք ինստիտուտն է, լինելու են 21-րդ դարի առաջնորդող կառույցներից մեկը:

 

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրաշալի մրցանակի համար: Այն ինձ կհիշեցնի, որ դեռևս շատ անելիքներ կան, կհիշեցնի հրաշալի մարդկանց մասին, ում իմ կյանքի ընթացքում հանդիպելու հնարավորություն եմ ունեցել այս ինստիտուտի շրջանակում: Այն ինձ մշտապես կհիշեցնի մի հրաշալի մարդու մասին, ում անունն է Ջոն Մրոզ: Այն կհիշեցնի ինձ, որ դեռ այնքա՜ն անելիքներ կան մեր աշխարհում:և ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը»:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ