Հասարակություն - Մանե Թանդիլյանը՝ ԵՊՀ-ում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր Երևանի պետական համալսարանում էր։ Նախարարին հյուրընկալել էին ոլորտին ամենամոտ կանգնած մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ ապագա սոցիալական աշխատողները։

 

Նախարարը ողջունեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նշելով, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժինը ռազմավարական նշանակություն ունի սոցիալական ոլորտի և սոցիալական ծառայությունների զարգացման գործում, ապա կոչ արեց հարգել ու գնահատել իրենց ընտրած մասնագիտությունը։

 

Մանե Թանդիլյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտում առկա հիմնական խնդիրները, խոսեց սոցիալական աշխատանքի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության և դաշտում աշխատողների մասնագիտական կրթության խնդիրների մասին։ Նա նշեց՝ ոլորտը նոր հայացքների, նոր մոտեցումների ու նոր տեսլականի կարիք ունի, իսկ մարդակենտրոն այս մասնագիտություն ստացող ուսանողները հենց այն գործընկերներն են, որ պետք են պետությանը դաշտը զարգացնելու համար։

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր երկրի հայելին է։ Մեր աշխատանքի արդյունքում է հաճախ մարդը որոշում որտեղ ապրել, ինչպես գործել։ Ու մեր աշխատանքի հիմնական գնահատողն էլ հենց այդ քաղաքացին է, ով դժվարին իրավիճակից դուրս գալու համար աջակցության կարիք ունի։ Այստեղ է, որ մենք պետք է միասնական թիմ դառնանք ՝ ճիշտ և հասցեական լուծումներ տալու մեր քաղաքացիների խնդիրներին»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը։

 

Ուսանողների հետ հանդիպումից հետո նախարարը նաև կարճ աշխատանքային քննարկում ունեցավ սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժնի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ներկաները քննարկեցին ոլորտին առնչվող խնդիրները, ԵՊՀ-ի և նախարարության համագործակցության դերը այդ խնդիրների լուծման գործում։

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը հավաստիացրեց՝ ֆակուլտետը պատրաստ է առաջարկել իր փորձագիտական ողջ ներուժը՝ ի նպաստ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների։ «Մեր ֆակուլտետի և նախարարության համագործակցությունը փոխշահավետ է և առաջիկայում վստահ եմ այդ գործընկերությունը ավելի արդյունավետ, ավելի ակտիվ ու առարկայական կդառնա»,- նշեց դեկանը։ Նախարարն էլ առաջարկեց լրամշակել նախկինում ստորագրված համագործակցության հուշագիրը՝ դարձնելով այն առավել բազմակողմանի և գործնական։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ