Հասարակություն - Միջադեպ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում․ երկու անձ ձերբակալվել է

Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։ Բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց հետո նրանք փախել են։ 

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են և՛ տղամարդու, և՛ երիտասարդի ինքնությունը։ Նույն օրը` ժամը 11-ն անց 20-ի սահմաններում, 52-ամյա Հարություն Իսկանդարյանը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և մկրատ։ Իսկանդարյանը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։ 

Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև նրա քրոջ որդին՝ Գագիկ Նազարյանը։ 28-ամյա Նազարյանը ևս ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։ 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 
Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ