Հասարակություն - Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների նախագծերը, գծանկարներն ու գեղանկարները։
Շնորհավորելով բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ` Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ուսումնական, գիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այն դարբնոցն է, որն ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Երևան քաղաքի համար շինարարներ և ճարտարապետներ է պատրաստում, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման բնագավառում: Առիթն օգտագործելով` մեր շնորհակալությունն ենք հայտնում համալսարանի հիմնադիրներին, դասախոսական կազմին, ովքեր այս տարիների ընթացքում արժանի կադրեր են կրթել և դաստիարակել: Երևանի քաղաքապետարանի հարկի ներքո ցուցահանդեսի և համաժողովի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքապետարանի և բուհի միջև առկա է իսկապես ակտիվ ու հաջողված համագործակցություն: Եվ վստահեցնում եմ, որ այդ համագործակցությունը լինելու է շարունակական և մենք ընդլայնելու ենք գործակցության շրջանակները», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ առանձնակի կարևորելով ցուցահանդեսի կազմակերպումը քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանին՝ բուհի տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար:
«Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 95-ամյա մեր համալսարանը հզոր քայլերով է շարժվում առաջ, ինչում անշուշտ մեծ է Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությունն ու հետևողականությունը: Շնորհակալ ենք նաև նախագծային և շինարարական մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց անձնական ներդրումն ունեն կրթական միջավայրի զարգացման գործում: Այսօր համալսարանի ողջ կոլեկտիվի ու ուսանողների վրա դրված է իսկապես մեծ պատասխանատվություն՝ շարունակելու ձեռքբերումներով հարուստ պատմական այն ուղին, որ սկսել են մեր ավագները», - նշել է Գագիկ Գալստյանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի առթիվ, ճարտարապետության, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդգես Եդոյանը, շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Հովսեփ Հովեյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է և ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
Հարկ է նշել, որ «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովի բացման արարողությունը ևս կատարվել է Երևանի քաղաքապետարանում: Երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են այցելել պատվիրակություններ ՌԴ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից։

 Միջոցառմանը նաև իր մասնակցությունն է ունեցել «Երևաննախագիծ ինստիտուտը» և ցուցադրել իր նոր նախագծերը, կատարված և կատարվելիք աշխատանքները։ Tesaket.info լրատվական բաժինը զրուցեց կառույցի ղեկավար Սիրեկան Օհանյանի հետ:

- Պարոն Օհանյան, վերջերս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ցուցահանդես` նվիրված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին: Ձեր կարծիքը այդ իրադարձության մասին, և ինչ է տվել և տալիս այդ կառույցը մեր քաղաքաշինությանը, ու որքանով է նպաստում դրա զարգացմանը:

-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը արդեն մոտ մեկ դար հանդիսանում է ճարտարապետների և շինարար-ճարտարագետների մասնագիտական կրթական և գիտական միակ հաստատությունը Հայաստանում, որտեղ ուսանում են նաև սփյուռքահայ և օտարազգի շատ երիտասարդներ Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից:
Համալսարանը համագործակցում է Ֆրանսիայի Լիոնի, Կլերմոն Ֆերրանի, Ստրասբուրգի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցների, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՀ և այլ երկրների բարձրագույն հաստատությունների հետ:
Համալսարանի դիպլոմները ճանաչված են ԱՊՀ և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Ճարտարապետության մասնագիտական դիպլոմը 1994 թվականից սկսած պաշտոնապես ճանաչվել է համարժեք ֆրանսիականին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտնի է աշխարհի ճարտարապետական և շինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի շարքում:

-Պարոն Օհանյան, լինելով շատ նախագծերի հեղինակ և նաև  «Երևաննախագիծ» ինստիտուտի ղեկավար, ինչ դերակատարություն եք ունեցել Դուք, ինչպես նաև ձեր ինստիտուտը այդ հաստատության գործունեությունում:

-1993 թվականից սկսել եմ դասավանդել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքաշինության ամբիոնում, իսկ 2008–2015 թվականներին եղել եմ Քաղաքաշինության ամբիոնի վարիչը: Ներկայումս շարունակում եմ դասավանդել որպես ամբիոնի պրոֆեսոր, նաև համալսարանի գիտխորհրդի անդամ եմ:
 «Երևաննախագիծ» ՓԲԸ ակտիվ համագործակցում է համալսարանի հետ՝ կրթական և գիտահետազոտական ոլորտներում: Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են մեզ մոտ, ծանոթանում նախագծային և Երևան քաղաքի զարգացման աշխատանքներին: Ինստիտուտում ստեղծվել է Քաղաքաշինության ամբիոնի ժամանակակից լսարան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ