Հասարակություն - Աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն մարքեթոլոգ, հաշվապահ և մենեջեր մասնագիտությունները. Ահարոն Ադիբեկյան

Երեխայի մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր ունեն թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները: Եվ հենց մասնագիտության ընտրությունից է կախված տվյալ անհատի դերն ու նշանակությունը հասարակությունում:

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով. «Ամենամեծ աշխատանքային ռեսուրսն ունի միջին և մեծ բիզնեսը: Այնտեղ կադրային շրջանառությունը բավականին արագ է, նույնիսկ երբեմն՝ անկանխատեսելի: Հայաստանում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ ոլորտում 1/3-ը կամ չի աշխատում, կամ փակվել է բիզնեսը: Դա կախված է նաև բնակչության գնողունակությունից»:

 

Իսկ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանի խոսքով, մասնագիտական որակների տեսանկյունից, երբ դիտարկում ենք երիտասարդ կադրերին, ներկապնակը շատ մեծ է, բայց դա նաև գալիս է մեր բևեռացված հասարակությունից: Երիտասարդության մի մասը ակտիվ ստեղծագործում է, մասնագիտական աճի մեջ է, և կա մի ստվար զանգված, որն իրականում վատ չի զգում նրանից, որ ոչ մի բան չի անում:

 

«Կարծում եմ երջանիկ է այն մարդը, ով սիրում է իր աշխատանքը և ամբողջական պատկերացում ունի իր մասնագիտության մասին: Մասնագիտության մասին պետք է երեխայի հետ խոսվի հենց ընտանիքում և ամենակարևորը չլինի պարտադրված: Լինում են դեպքեր, երբ երեխան արդեն 17 տարեկան է, սակայն ոչինչ չի ուզում. ո՛չ աշխատանք, ո՛չ կրթություն»,- ավելացրեց Հասմիկ Սահակյանը:

 

Սոցիոլոգը առանձնացրեց այն մասնագիտությունները, որոնք միշտ պահանջարկ ունեն և պահանջված են աշխատաշուկայում: Եվ ըստ նրա՝ դրանք՝ մարքեթոլոգները, հաշվապահները և մենեջերներն են: Սոցիոլոգը նաև դրական գնահատեց Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի գործունեությունը, հավելելով, որ այնտեղ կան այն բոլոր չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են որակյալ հաշվապահ դառնալու համար:

 

Հասմիկ Սահակյանը նաև ավելացրեց, որ իրենց՝ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնը, 2007 թվականից հավատարմագրվել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից: Կենտրոնում գործում է մագիստրոսական ծրագիր՝ «Հաշվապահական և աուդիտ» մասնագիտությամբ, որի ծրագիրն համապատասխանեցված է ազգային և միջազգային որակավորումներ շնորհող մարմինների կրթական և քննական պահանջներին:

 

Կրթության ոլորտը, լինելով հասարակության զարգացման հենքը, պետք է միշտ լինի բոլորիս ուշադրությոն կենտրոնում: «Տեսակետ» մամուլի ակումբը և Tesaket.info կայքը միշտ էլ կարևորել և կարևորում են կրթության դերն ու նշանակությունը, և այդ պատճառով պարբերաբար ներկայացրել և ներկայացնում են ոլորտում կատարվող փոփոխություններն ու զարգացումները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ