Տնտեսություն - Իրանի հետ համաձայնագրերը շահավետ են հայկական բիզնեսի համար. փորձագետ

Իրանի նախագահի այցը Երեւան նշանավորվեց ժամանակավոր համաձայնագրերի ստորագրմամբ, որոնք, անշուշտ, շահավետ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 3-ին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Նրա խոսքով, եթե Իրանի համար դա շահավետ է իր արտադրանքը ԱՄՆ կոշտ պատժամիջոցների պայմաններում եւ ծանր տնտեսական իրավիճակում արտահանելու լրացուցիչ հնարավորություններ ստանալու տեսակետից, ապա հայկական կողմի համար դա շահավետ է այն իմաստով, որ հնարավորություն կտա արտահանել մոտավորապես 300 անուն ապրանքներ ավելի ցածր տոկոսադրույքներով, ինչը դրական գործոն է՝ հաշվի առնելով իրանական տնտեսության ավանդական հովանավորչական բնույթը։

Նա ավելացրել է, որ երեք տարով ստորագրված համաձայնագրերը հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ արժեքավորություն է ներկայացնում նման ռեժիմը երկու երկրների համար։ «Իհարկե, զրոյական տոկոսադրույքների մասին  կարելի կլինի խոսել միայն Իրանի ԵՏՄ մտնելու պարագայում։ Բայց առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, այնուամենայնիվ, կարելի է սպասել՝ հաշվի առնելով ազատ առեւտրի գոտու ստեղծումը»,- նկատել է իրանագետը։

Անդրադառնալով Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման նախագծի իրականացմանը՝ Իսկանդարյանը նշեց, որ բոլոր դիվանագիտական եւ իրավական հարցերը լուծվել են, սակայն նախագծի իրականացումը ձգձգվում է: Իրանական կողմը, որն, ըստ համաձայնագրի, պետք է ստանձնի ֆինանսավորումը, հայտարարում է միջոցներ չլինելու մասին: «Սակայն Երեւանում Իրանի նախագահը այս հարցը մտցրեց օրակարգ, եւ հույս կա, որ ծրագիրն, ի վերջո, կգործարկվի»,- հավելեց նա:

Փորձագետը հայտարարեց, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղու կառուցումը կապված է հայկական կողմի դրամական միջոցների բացակայության հետ, քանի որ Իրանի երկաթուղային ցանցը բավականին զարգացած է, տարածաշրջանում, հավանաբար, ամենազարգացածն է, եւ իր կողմից պետք է կառուցել միայն 60 կմ ճանապարհ: «Հնարավոր է, որ 3 մլդ դոլարի խնդիրը դոնորների միջոցով կլուծվի տեսանելի ապագայում: Դրանից բացի, Չինաստանը նույնպես հետաքրքրված է այս միջանցքով: Մենք առայժմ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, որ ավարտին հասնենք «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը, եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարվում»,- ամփոփեց իրանագետը:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի Ազատ առեւտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի 27-ից:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ