Մշակույթ - Էպոս, մշակույթ, կրոն. Վլադիկավկազում կայացել է «Ալանա-հայկական հարաբերություններ» միջազգային կոնֆերանսը

Վլադիկավկազում կայացել է «Ալանա-հայկական հարաբերություններ» գիտական-գործնական կոնֆերանսը: Ossetia.news-ի հաղորդմամբ՝ միջոցառումը հայ-օսական հարաբերություններին նվիրված վերջին շրջանում անցկացված գիտական միջոցառումներից ամենախոշորն էր:

Հայաստանի եւ Օսիայի միջեւ կապերը հաստատվել են շատ վաղուց: Դիցաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ հայ-օսական հարաբերություններ ձեւավորվել են մ.թ.ա. մոտավորապես II եւ I հազարամյակներում՝ Մերձավոր Արեւելք սկիֆական արշավանքների շրջանում, երբ սկիֆները հասան մինչեւ Ուրմիա լիճ եւ մինչեւ Ասորեստան: Այդ ժամանակ շփումներ հաստատվեցին լեռնեցիների՝ սասունցիների հետ, որոնք անվանվեցին Շուպրիա: Սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Շուպրիա երկիրը, որը ասոցացվում է սասունցիների հետ, իսկ սասունցի կտրիճները հայկական էպոսի գլխավոր հերոսներն են՝ նշում է պարբերականը:

«Որպես գիտնական, ով զբաղվում է էպոսների եւ դիցաբանության ուսումնասիրությամբ, ինձ համար ամենավառ զուգահեռը մեր երկու էպոսներն են: Ե՛վ Նարտական էպոսը, եւ՛ «Սասնա ծռերը» սկսվում են երկվորյակների մասին պատմությամբ: Օսերի համար նարտերն են, հայերի համար՝ սասունցիները: Երկու էպոսներում էլ ատրիբուտները կրկնվում են՝ ծովաձի, թուր-կեծակի, զենք, որը նրանք գտնում են ծովի հատակին, երկվորյակները ծնվում են ծովի խորքից՝ ջրից»,- պարբերականին պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը:

Գիտական կոնֆերանսն անցկացվել է Ալանիայի մկրտության 1100 տոնակատարության շրջանակում, որը կնշվի Ռուսաստանում դաշնային մակարդակով: Ռուսաստանի ներկայիս տարածքների շրջանում հենց Ալանիան է առաջինը քրիստոնեություն ընդունել: Այն մինչ այժմ մնում է Հյուսիսային Կովկասի միակ հանրապետությունը, որի բնակիչների մեծ մասն ուղղափառներ են: Քրիստոնեությունը եւս մեկ կարեւոր հանգամանք է, որը կապում է Ալանիան եւ Հայաստանը:

«Մեր ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են ոչ միայն քաղաքական, դինաստիական, տնտեսական եւ մշակութային, այլ նաեւ հոգեւոր կապերը»,- նշել է Վլադիկավկազի եւ Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը: Հայտնի է Սուրբ Սուքիասյանց նահատակների սխրանքը, որոնք տուժել են Հայաստանում քրիստոնեության արշալույսին: Վերջին շրջանում նոր գիտական աշխատություններ են հայտնվում, որոնցում նշվում է վաղ միջնադարի շրջանում ալանների քրիստոնեացման գործում Հայաստանի ազդեցության մասին: Լեոնիդ եպիսկոպոսի խոսքով՝ այժմ Հայաստանի եւ Օսիայի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվում, «դրանց նպաստում է նույնիսկ Կովկասի ընդհանուր քաղաքական իրավիճակը»:

«Այստեղ ամեն ինչ կապակցված է: Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, անդրադառնում է Հայաստանի վրա, եւ՝ հակառակը»,- պարբերականի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերջին պատժամիջոցներն իրենց դերն են ունեցել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի մեծացման գործում:

«Առաջին հերթին, զուտ տեխնիկապես նրանք, որոնք պետք է Վրաստան մեկնեին, մեկնում են Հայաստան: Երկրորդ հերթին, ռուսաստանցիները նախընտրում են կովկասյան ուղղությունն ու Հայաստան գալիս: Զբոսաշրջիկների թիվը, կարծում եմ, ավելացել է: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ես վիճակագրական տվյալներ չունեմ, սակայն լինում եմ այնտեղ: Վրաստանում կտրուկ նվազել է զբոսաշրջիկների թիվը, եւ դրանից տուժում է բիզնեսը»,- նշել է նա:

Միջոցառման ընթացքում գիտնականները քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունները ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից քաղաքագիտական առումով, Հայաստանի միջազգային-տարածաշրջանային հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները՝ Հարավային Կովկասի խնդրի տեսանկյունից եւ այլն:

«Պատմության, մշակույթի հանդեպ փոխադարձ հետաքրքրությունն առկա է եւ աճում է, եւ, անկասկած, կխթանի երկու պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է ՌԴ ազգային հարաբերությունների նախարար Ասլան Ցուցիեւը:

Կոնֆերանսի ընթացքում կայացել է նաեւ հայկական ծագմամբ գեներալ Լոռիս-Մելիքովի մասին փաստագրական ֆիլմի եւ գրքերի շնորհանդեսը:

Բացի այդ,Հայաստանից հյուրերը շրջայց են կատարել Կուրատինսկու կիրճում, որտեղ այցելել են Ֆիագդոնի ալանական մենաստան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան՝ Ձիվգիսի ամրոց:   
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ