Սպորտ - Ուզում եմ պաշտոնապես հայտարարել` ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիա»-ի տնօրեն

«Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայկական ակումբների, մասնավորապես «Փյունիկի» և «Բանանցի» ղեկավարների վերջին օրերին արված հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին:

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվը առաջնայինն է: Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»,-ասված է հայտարարության մեջ։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ