Քաղաքական - Հայաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ղրիմի հարցում. ի՞նչ եղավ հետո և ինչպե՞ս արձագանքեցին Կիևում ու Մոսկվայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ պատվիրակության ամերիկյան շրջագայության մասին արդեն շատ է խոսվել ու հավանաբար դեռ կխոսվի։ Այդ այցը աչքի չընկավ հեղափոխական կառավարության սպասելիքներին հարիր ձեռքբերումներով։ Թերևս ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել Կալիֆորնիա նահանգի հետ երկկողմ Շրջանակային համաձայնագիրը համագործակցության վերաբերյալ։

Համեմատաբար քիչ է խոսվել ու գրվել սեպտեմբերի 25-ին Կուլումբիայի համալսարանում հիմնականում հայ ուսանողների հետ հանդիպման և վարչապետի ելույթի մասին։ «Այսօր Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է՝ մամուլի և հավաքների կայացած ազատությամբ», - ուսանողներին պատմում էր վարչապետ Փաշինյանը, և մոտավորապես նույն օրերին Հայաստանում առաջատար հեռուստաալիքներից մեկում եթերազրկվում էր մի քաղաքական հաղորդում։

Ընդհանրապես, այդ ելույթի մասին կարելի է երկար խոսել, եթե մի կողմ դնենք դրա ներհայաստանյան էպիզոդները։ «Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որևէ շրջապտույտ չի կատարել», - հերթական անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Հարցուպատասխանի ընթացքում արդեն նա պետք է հայտարարեր Ղրիմի վերաբերյալ հարցին ի պատասխան, թե  Հայաստանը պատրաստ է միջնորդ դառնալ իր երկու բարեկամների միջև։

Սա Փաշինյանի ամերիկյան այցի գլխավոր միջազգային նորությունը կարելի էր համարել։

Այստեղ կարևոր է վերհիշել ոչ միայն և ոչ այնքան այն փաստը, որ 2018 մարտին Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ուղղակի մեղադրում էր Ռուսաստանին Քառօրյա պատերազմը հրահրելու մեջ, այլև այն, որ տարիներ ի վեր Փաշինյանը և նրան հարող հասարակական սեկտորը ու որոշ ընդդիմադիր քաղաքագետներ (այժմ պատգամավոր) քննադատում էին նախորդ իշխանություններին, այսպես ասած, «խեղճ» ու ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու մեջ։ Օրինակ էին բերում, որ Հայաստանը կարող է ու ի զորու է միջնորդ հանդիսանալ ԱՄՆ և Իրանի, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև և այլն։

Եվ այժմ Փաշինյանը գնաց այդ ճանապարհով։ Նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ինչպե՞ս արձագանքեցին Կիևում ու Մոսկվայում։

Զուգադիպություն է թե ոչ, բայց ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը հրապարակեց երկու անհայտ հեղինակների` այդ թվում մեկը հայկական ազգանվամբ հոդված, որտեղ Փաշինյանին մեղադրեց Արցախը «ծախելու» մտադրության մեջ։

Իսկ Ուկրաինան գտնվեց ավելի գործնական։ Ուկրաինայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որով կոչ արեց սեփական քաղաքացիներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

«Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշյալ տարածքները, ներառյալ Արցախը, անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»։

Թե հիմա կոնկրետ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ինչպես պետք է միջնորդի ու կոնկրետ ինչի համար` դժվար է ենթադրություններ անել։ Հավանաբար սա կարող է դաս լինել նրա համար, որ այլևս չանի հանպատրաստից հայտարարություններ` դժվար կացության մեջ դնելով սեփական դիվանագետներին, ովքեր արդեն մեկ ու կես տարի զբաղված են նրա ելույթները սրբագրելով։
aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ