Քաղաքական - Դատավորին «Ցռան մոզի» անվանելու համար Պավել Մանուկյանը 300 հազար դրամ տուգանքի չի դատապարտվի, վերաքննիչը գործը կարճել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է «Սասնա Ծռերից»՝ Պավել Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախ՝ Նոր Նորք, ապա՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում:

Սկզբում գործը քննում էր դատավոր Ս. Մարաբյանը: Երբ նա նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, գործի քննությունն իր վարույթ ընդունեց, գործը քննեց ու մեղադրական դատավճիռ կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը: Գործի դատական քննության սկզբում Պավել Մանուկյանը դեռ կալանքի տակ էր, իսկ քննության ընթացքում և ավարտին նա արդեն ազատ էր կալանքից:
Պավել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «Սասնա Ծռերի» գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Թավշյա հեղափոխությունից առաջ՝ 2017 թվականի հուլիսի 26-ին, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ բավական թեժ մթնոլորտում անցնող հերթական նիստի ժամանակ, երբ կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանը չի ենթարկվել տեղից չխոսելու վերաբերյալ նախագահողի պահանջին, շարունակել է խոսել, դատավոր Գաբրիելյանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստի դահլիճից: Երբ ուղեկցող գումարտակի ծառայողները մոտեցել են Պավել Մանուկյանին, որ հեռացնեն դահլիճից, վերջինս տեղից վեր կենալով՝ ասել է, թե չի վախենում դատական սանկցիայի կիրառումից և դատավորին անվանել է «ցռան մոզի»:

Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ թե դատավորի, այլ՝ դատարանի՛ նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Երբ առաջին ատյանի դատարանում Պավել Մանուկյանին բացատրվում էր, որ մեղադրվում է դատարանի՛ն վիրավորելու համար, նա հարցրել է. «Պատե՞րն են բողոքում»:

Առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմը միջնորդել էր կարճել այս քրեական գործի վարույթը՝ նշելով, որ մեղադրանքում կոնկրետ ասված է՝ Պավել Մանուկյանը ոտնձգել է դատավոր Գաբրիելյանի պատվի ու արժանապատվության դեմ, սակայն դատավորը դրա վերաբերյալ հաղորդում չի տվել, նա նույնիսկ չի հարցաքննվել: Ըստ պաշտպանական կողմի՝ «Մի քանի կարգադրիչների ուղղորդված ցուցմունքներն են դրվել մեղադրանքի հիմքում… Կարգադրիչնե՞րն են որոշել, որ վիրավորվել է դատավորի պատիվն ու արժանապատվությունը…»:

Պաշտպանական կողմը համաձայն չէր, որ ըստ Պ. Մանուկյանի մեղադրանքի ներկայացման՝ արարքի սուբյեկտը դատարանն էր, որին հարցաքննել հնարավոր չէ… Նման պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման՝ ըստ պաշտպանական կողմի: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պաշտպանական կողմի այս միջնորդությունը:

Դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ընթացքում՝ խնդրո առարկա միջադեպի ժամանակ Պավել Մանուկյանի կողմից արվել է հետևյալ արտահայտությունը. «Եթե իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ուրեմն ես ստեղ դատարան չեմ տեսնում, ես էլ ասում եմ, անվանակչում եմ ձեզ որպես ցռան մոզի»:

Դատարանում հետազոտվել էին լրատվամիջոցների կողմից հիշյալ դատական նիստի ուղիղ հեռարձակման տեսաձայնագրությունները՝ վերցված համացանցից:

Ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների համակցությամբ ապացուցված էր համարել, որ Պավել Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Պավել Մանուկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Պավել Մանուկյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ:

Բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում իրականացվելու էր Մ. Արղամանյան, Ն. Հովակիմյան, Ա. Ազարյան դատավորական կազմով: Սակայն գործը հետագայում վերաբաշխվել է, այս գործը քննել ու որոշում է կայացրել վերաքննիչ դատարանի՝ Ա. Վարդանյան, Մ. Պապոյան, Ա. Բեկթաշյան կազմը: Սա Արմեն Բեկթաշյանի՝ վերաքննիչ դատարանում որպես կազմի դատավոր կայացրած առաջին որոշումներից է:

Վերաքննիչ դատարանի նիստում Պավել Մանուկյանը չի պնդել վերաքննիչ բողոքը՝ իրեն արդարացնելու պահանջով, այլ խնդրել է քննարկել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ իր նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու հարցը: Այսինքն՝ Պավել Մանուկյանը ինքն է առաջ քաշել ո՛չ արդարացման հիմքով, այլ՝ վաղեմության ժամկետը՝ 2 տարին անցնելո՛ւ պատճառաբանությամբ իր քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

Գործով մեղադրող դատախազ Պ. Մարտիրոսյանը չի առարկել, որ նշված հիմքով Պավել Մանուկյանի քրեական հետապնդումը դադարեցվի, գործի վարույթը կարճվի:

Վերաքննիչ քրեական դատարանը դրական է լուծել Պավել Մանուկյանի բարձրացրած հարցը՝ այն գնահատելով որպես հիմնավոր և օրինական:

Վերաքննիչ դատարանը որոշել է Պավել Մանուկյանի նկատմամբ այս գործով քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ