Մամուլ - Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է France 24-ը` հղում անելով նրա ընտանիքին:

Ժակ Շիրակն 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան:

Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ նա՝ տիկնոջ հետ, մասնակցել էր 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Նա իր ելույթում ասել էր. «Խորին հուզմունքով է, որ ծանոթանում եմ հայկական հողին:
Հուզմունք, երբ մտածում եմ այն կապերի հնության մասին, որ մեզ միացնում են այն վաղ ժամանակներից, երբ Երուսաղեմի թագավորը` Բոդուեն Բուլոնցին, ամուսնացավ հայ իշխանուհի Արդայի հետ. 14-րդ դարի այն օրերից, երբ Կալեում մահացավ Լևոն 6-րդ Լուսինյանը` Հայաստանի վերջին թագավորը, որի շիրիմը գտնվում է Սեն Դենի բազիլիկում, Ֆրանսիայի թագավորների կողքին...
Ֆրանսիայի հրապարակը կլինի մեր բարեկամության խորհրդանիշը»:

Ժակ Շիրակի ծնողները ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին: Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որոնք բնակվել են Լիմուզանում: Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (նրա քույրը մահացել է վաղ տարիքում):
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ