Մշակույթ - Կոմիտասի 150-ամյակի հաշվին ոմանք անձնական հարցեր են լուծում. կոմիտասագետ

Սեպտեմբերի 26-ին լրանում է հայոց ազգային մշակույթի մեծագույն երախտավորներից մեկի՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Այս նշանավոր օրվա առթիվ tesaket.info-ն զրուցեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ, որն իր մտահոգությունները հայտնեց մեծն հայորդու գործի ժողովրդականացման վերաբերյալ՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ժողովուրդը ռաբիսի մեջ թաղված է, Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ են անում, այստեղ-այնտեղ գնում, բայց ժողովրդին չեն ներգրավում, գոնե երկու-երեք երգ սովորեցնեին»:

Ըստ կոմիտասագետի՝ այսօր մեր հոգևոր հայրենիք է ներխուժել օտարը, որը թելադրում է սեփական կանոնները, այդ պատճառով էլ սկսած մանկապարտեզներից՝ մեր երեխաները սնվում են օտար մշակույթով, հանդեսներին ռուսերեն երգեր են երգում, ավտոմեքենաներից անհասականալի կլկլոցներ են հնչում, իսկ տաքսի նստել ընդհանրապես հնարավոր չէ. վարորդները միանգամից ռաբիս են միացնում:

«Կոմիտասին դարձրել են իրենց անձնական հարցերը լուծելու միջոց՝ արտասահման են գնում, ինչ-որ գիտաժողովներ անում, լուսանկարվում, բայց ու՞մ է պետք դա, եթե ժողովուրդն անմասն է մնում»,-ասաց Ա. Շահնազարյանը: Մեր հարցին, թե մասնավորապես ովքե՛ր են Կոմիտասի 150-ամյակի հաշվին անձնական հարցեր լուծողները, պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Բոլորը, ովքեր մասնակցում են Կոմիտասի 150-ամյակի միջոցառումներին, համենայն դեպս՝ նրանց 99 տոկոսը»:

«Կոմիտասի թանգարանը գերեզմանատուն է, ոչ թե թանգարան, դա պիտի լիներ մի օջախ, որը նպաստեր ժողովրդի ճաշակի փոփոխմանը, վերադարձներ ժողովրդին իր իսկ տեսակն ու ինքնությունը, Կոմիտասն ի՞նչ էր անում, հային վերադարձնում էր իր ինքնությունը, չէ՞… Կոմիտաս՝ նշանակում է ՝ հայ ժողովուրդ: Ամեն տարի պիտի Կոմիտասի տարի լինի, նա մեր օրվա հացն է՝ հանապազօրյա հացը»,-ամփոփեց կոմիտասագետը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ