Մշակույթ - Կինոն տալիս է երկու բան՝ փող և փառք. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի թեման կինոյի մասին օրենքն էր: «Մայիս ամսին նախաձեռնեցի հանդիպումներ կինոգործիչների հետ, որ քննարկումներ սկսենք կինոյի օրենքի մասին: Տրվեց 15-օրյա ժամկետ՝ առաջարկներ անելու համար, որից հետո ներկայացվեցին երեք նախագծեր»,-նշեց ասուլիսի բանախոսներից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը: Ըստ նրա՝ նախագծերը ներկայացվել են ԻՖԿԱ-ի, անհատ կինոգործիչ Արմեն Ադիլխանյանի և Ոսկե ծիրանի կողմից: Նախագծերի վերաբերյալ եղել են քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում որոշվել է միացնել երեք նախագծերը, որպեսզի երեք կողմերն էլ աշխատեն:

ԻՖԿԱ ՀԿ-ի կողմից ներկայացված Կինոյի օրենքի նախագծի տարբերակի համահեղինակ, պրոդյուսեր, դերասանուհի, սցենարիստ Արմինե Անդան նշեց. «Բոլոր ոլորտներում առաջինը օրենք է պետք: Տվյալ դեպքում օրենքը կարգավորում է այն, թե ինչպես է ստեղծվում և բաշխվում կինոյի ֆինանսավորումը, ինչպես նաև կանոնակարգում է շատ այլ հարցեր»:

Ի դեպ՝ բանախոսները նշեցին, որ կինոյի մասին օրենք ունենալու վերաբերյալ քննարկումնեի ընթացքում հնչել են անգամ այնպիսի կարծիքներ, թե նման օրենք առհասարակ պե՞տք է, թե՞ ոչ, եթե պետք է, ապա կինոյի ֆինանսական հարցերն ինչպե՞ս են լուծվելու, ազատականացվելու՞ է ոլորտը, թե՞ ֆինանսավորումը լինելու է պետական բյուջեից և այլն:

«Ես կինոյի մասնագետ չեմ, ուղղակի կազմակերպել եմ, որ օրենքի տեսք ունեցող փաստաթուղթ ստեղծվի»,-ասաց ԻՖԿԱ ՀԿ-ի կողմից ներկայացված Կինոյի օրենքի նախագծի տարբերակի համահեղինակ, աուդիտոր, իրավաբան Կարեն Ֆիդանյանը և հավելեց, որ ոլորտի նորմալ զարգացման համար ամեն ինչ պիտի օրենքով կանոնակարգված լինի. «Օրինակ՝ սահմանվել են եզրույթները, պետական աջակցության կարգավորումը և այլն»:

«Կինոն տալիս է երկու բան՝ փող և փառք»,-նշեց ասուլիսի բանախոսներից կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կինոն կարող է տվյալ երկիրը փիառ անել, և հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծվի այնպիսի կինո, որը և՛ փիառ կապահովի մեր երկրի համար, և՛ եկամտաբեր կլինի:

Ա. Գրիգորյանի հետ համաձայնվեց կինոպրոդյուսեր-ռեժիսոր Հարություն Մանուկյանը՝ ասելով. «Մեր երկիրն ունի գաղափարախոսություն, որը պետք է առաջ տանել՝ չանտեսելով կոմերցիոն կողմը»:

Ա. Կոստանյանն էլ նշեց, որ այս ամենի նպատակը, ի վերջո, Հայաստանի հանրահռչակումն է միջազգային հարթակներում:

 

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ