Քաղաքական - Ավետիքյան. ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին

«Մենք այսքան ժամանակ տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հարձակում է գործում, թիրախավորում է հատկապես ուժեղ կառույցներին, օրինակ` Սահմանադրական դատարանին: top-news.am-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով` վարչապետն այդ կառույցում տեսնում է իր ներկա և հավանական հակառակորդներին: «Եթե կարդանք, թե ՍԴ-ն, ըստ Սահմանադրության, ինչ իրավասություններ ունի, ամեն ինչ պարզ կլինի: Այն ահռելի ուժ ունի, և նորմալ է, որ թիրախ է դառնում: Եթե որևէ մեկը, այս պարագայում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցանկանա փոփոխություններ անել, ընդհուպ`ցանկանա Հանրապետության նախագահի հրաժարականը, չի կարող` առանց ՍԴ-ի»,-մեկնաբանեց Ավետիքյանը:

Թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին: «ԶԼՄ-ների մի մասն իր համար անվերահսկելի է: Շարունակվում է այն, ինչ մենք կոչում ենք ոչ միայն վրեժխնդրական, այլև` եղածը չեզոքացնելու, վնասազերծելու մի ամբողջ շղթա, որը տեղ-տեղ, եթե գրաֆիկի վերածենք, անընդհատ իջնում, բարձրանում է»,-ասաց Հակոբ Ավետիքյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ վարչապետը հաճախ անզուսպ է իր դիտողություններն անելիս, և Ավետիքյանի համար զարմանալի է եղել, որ Փաշինյանը հրապարակավ դիտողություն չի արել «Արցախը մարզ է» հայտարարողներին:

Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ նաև վարչապետի` երեկ ԱՄՆ-ում եկեղեցու մասին արված այն հայտարարության, թե երբ ասում են՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է` որակելով այն որպես «եկեղեցում դավադիրներ փնտրել»: «Այնինչ`Նիկոլ Փաշինյանն իր դավադիրներին պետք է իր շուրջը փնտրի, մեր եկեղեցին չի կարող նման բան անել»,-ասաց Ավետիքյանը:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ