Քաղաքական - ՀՔԾ-ն կարճել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը։  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ քրեական գործը կարճվել է  հանցակազմի բացակայության հիմքով ։
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը 2018թ.-ին  հաղորդում էր ներկայացրել քննչական մարմիններին առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հակընդդեմ հաղորդումն էր ներկայացրել նաև Վարդգես Հովակիմյանը՝ թե 2008 թվականին գումար է փոխանցել Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձրել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով և այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը նաև հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Վարդգես Հովակիմյանի և հաղթել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»: Ա.Սարգսյանը դատական կարգով պահանջել էր, որ Հովակիմյանը ներողություն խնդրի իր այս արտահայտությունների, պատճառած վիրավորանքի համար։ Արարատ և Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցադիմումը ու պարտավորեցրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար։

Դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ, սակայն նախկին մարզպետը դեռևս հրապարակայնորեն ներողություն չի խնդրել նախկին ոստիկանապետից։

 
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ