Տնտեսություն - Բանկային գաղտնիքի նախագիծը քաղաքական եւս մեկ հաղթաթուղթ է իշխող ուժի ձեռքում. Կառլեն Խաչատրյան

Aravot.am-ն այսօր տնտեսագետ Կառլեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ աղմուկ հանած՝ բանկային գաղտնիքի մասին նախագիծն օրենք դառնալու դեպքում, ի՞նչ վնասներ կհասցնի տնտեսությանը: Նախագիծն արժանացել է նաեւ տնտեսական ոլորտի մասնագետների քննադատությանը, որոնք մտավախություն են հայտնում, որ ներդրումները կնվազեն, եղած գումարներն էլ երկրից կարտահոսեն:

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ է շրջանառում, որով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։ Կառլեն Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ խնդիրն առավելապես քաղաքական է, քան տնտեսական. «Կարծում եմ սա ոչ թե տնտեսության աշխուժացմանը կամ բանկային համակարգի առողջացմանն է ուղղված, այլ կարծում եմ, քաղաքական եւս մեկ հաղթաթուղթ է իշխող ուժի ձեռքում՝ այս կամ այն առումով որոշակի անձանց վերաբերյալ ինֆորմացիան առավել հրապարակային դարձնելու եւ դրա հետեւանքով նաեւ ազդեցության գործիքներ ունենալու»: Ըստ պարոն Խաչատրյանի, մենք ունենք բանկային գաղտնիքի մասին օրենք, որը 20 տարուց ավելի արդյունավետ գործել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառլեն Խաչատրյանի խոսքով, տնտեսական ակտիվության ցուցանիշի հիմքում ընկած գործոնները առավելապես կարճաժամկետ աճ ապահովող գործոններ են: Մասնավորապես՝ ավտոմեքենաների ներկրման ծավալների մեծացումը, որոնք տնտեսություն հավելյալ դրամական մուտքեր են ապահովել. «Փոխարենը տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7 տոկոս անկում է ապրել»: Ըստ տնտեսագետի, չնչին՝ 2-3 տոկոսանոց աճ է ունեցել արտահանումն ու ներմուծումը. «Փոխարենը անկում ունենք տեքստիլ եւ հանքարդյունաբերության ոլորտներում»: Նրա համոզմամբ, խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է. «Ցավոք, կառավարությունը ռազմավարություններ, երկարաժամկետ ծրագրեր չունի, հետեւաբար տնտեսական քաղաքականություն իրականացվող գործընթացները ավելի շատ իրավիճակից դուրս գալու կամ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու դեմ միտված ինչ-որ բան է, ոչ թե հստակ, ճանապարհային քարտեզով, կոնկրետ քայլերի հաջորդականությամբ, հետեւողական տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացմանը, այդ ոլորտներով տնտեսության ակտիվացմանը»:

Հարցին՝ կառավարությունը հայտարարում է, որ պետական պարտքը նվազել է, արդյոք սա աննախադե՞պ է, ինչպես որ կառավարության ղեկավարն է ներկայացնում, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց. «Սա խոսում է այն մասին, որ հիմա հավելյալ պարտք չեն վերցնում, հիմա կառավարությունը ձեռնպահ է մնում տնտեսության մեջ գումարներ ներարկելուց ու դրա նպատակով փոխառու միջոցներ ներգրավելուց: Ու դրան զուգահեռ, քանի որ մենք արդեն իսկ ֆիքսել ենք նախկինում վերցրած պարտքի գումարները, դրանք լիարժեքորեն իրականացվում են, ստացվում է, որ մենք նախկինում վերցրած պարտքը համամասնորեն մարում ենք, որքան որ պլանավորված է եղել 2018 թ.-ի պետական բյուջեով, բայց,ընթացիկ տարում ռեալ, լուրջ տնտեսական ծրագրեր չունեք, դրանց ֆինանսավորման համար հավելյալ միջոցներ չեն ներգրավվում եւ ի հաշիվ դրա, ստացվում է, որ պետական պարտքը նվազել է»:

 

aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ