Տնտեսություն - Անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու նախագծում ռիսկերը հաշվարկված չեն, կարող են տուժել նաև սոցիալապես անապահով խմբերը. Սերգեյ Բագրատյան

Անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու մասին նախագծում հաշվարկված չեն ռիսկերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծին, որ սեպտեմբերի 12 –ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է:

Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ առաջին հայացքից թվում է, թե նախագիծը մի քանի տասնյակ մեծահարուստների դեմ է, բայց նախագծից կարող են տուժել նաև այլ խմբերը:

«Մենք չենք ցանկանում՝ սոցիալապես անապահով խմբերը, միջին խավը տուժեն անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծի ընդունումից, այդ պատճառով էլ ասում ենք, որ պետք չեն հապշտապ որոշումներ, 2021 թ.-ից պետք է օրենքն ուժի մեջ մտնի, ժամանակ ունենք, ինչո՞ւ շտապենք նախագիծը ընդունելիս: Պետք է քննարկենք, տարբեր երկրների փորձը ուսումնասիրենք, որ չտուժեն օրինագծի ընդունումից: Պետք է գտնենք լավագույն լուծումները»,-ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրության հետ համապատասխանության խնդրի մասին ևս բարձրաձայնել են. «Կադաստրային գնահատումը բերելու է գույքահարկի հաշվարկի, ամբողջը պետք է մեկ ընդհանուր փաթեթով նայել, օրենքի մի հատվածը քննարկել, մյուս հատվածը բաց թողնելը կարող է խնդիրներ առաջացնել:

Օրենքների նախագծերի փոխկապակցվածությունը պետք է ապահովել: Եթե կադաստրային արժեքը բարձրանում է, բնականաբար դրան համապատասխան գույքահարկը պետք է բարձրանա, իսկ գույքահարկի մասին օրենքը չեն բերել, բերել են կադաստրային արժեքի վերանայման հարցը, որը ճիշտ չէ: Հենց սա է հակասմադրականությունը, Սահմանադրությամբ սահմանված է, որ օրենքները համահունչ պետք է փոփոխություն կրեն: Հնարավոր չէ մի փոփոխություն անել, որը, մեծ հաշվով, ազդելու է ողջ հարկային համակարգի վրա և չքննարկել դրա հնարավոր ազդեցությունները»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետներին, թե տնտեսությունում կարող է նաև անկայունություն առաջանալ, ապա Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ այդպիսի տեսակետ արտահայտողները գտնում են, որ բոլորը կսկսեն գույքը վաճառել:

«Բայց մյուս կողմից հարց է, համապատասխան գնորդներ արդյոք կան շուկայում, այսինքն` առաջարկ կարող է լինել, պահանջարկ կարող է չձևավորվել, շուկան ինքնակարգավորվող է: Եթե ճիշտ շեշտադրումներ անենք, կարող ենք մեղմացումներ գտնել: Օրինակ է բերվում, որ Երևանի կենտրոնում ապրում են նաև սոցիալապես անապահով բնակիչներ, ինչո՞ւ պետք է կորցնեն իրենց բնակարանները: Այստեղ պետք է կարողանանք շատ զգույշ լուծումներ գտնել, որովհետև հնարավոր է, որ նրանց մի մասի անունով ձևակերպված է խոշոր սեփականատերերի գույքը»,-նշեց նա:

Սերգեյ Բագրատյանը նաև նշեց, որ որոշակի հարթությունների շուրջ կարող են առաջանալ դատական խնդիրներ:

«Այն պատրվակով, որ եթե ես բնակարանը գնել եմ , բարեխիղճ գնորդ եմ, չեմ հաշվարկել, որ մի օր հարկերի հետ կապված կարող է կտրուկ տատանում լինել, ես կարող եմ դիմել դատարան՝ հասկանալու, թե լրացուցիչ ռիսկերի համար, ով պետք է վճարի: Իհարկե, կլինեն նաև նման խնդիրներ»,-ասաց ԱԺ պատգամավորը:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ