Քաղաքական - Միջնորդության շրջանակներում ակնկալում ենք, որ դադարեցվի պարոն Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ․ պաշտպան Արսեն Սարդարյան

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես կասեցված Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նախատեսում է վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Վաղը վերջին օրն է և պետք է հասցնենք ներկայացնել միջնորդությունը »,- ասաց նա: Պաշտպանը նշեց, որ չի ցանկանում գործի վերաբերյալ գնահատականներ տալ, և այդ մասին մեկնաբանություններ կարող է ներկայացնել Դավիթ Սանասարյանը:

«Միջնորդության շրջանակներում ակնկալում ենք, որ դադարեցվի պարոն Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը»,-ասաց նա և նշեց, որ դրա համար բոլոր հիմքերը կան։ Արսեն Սարդարյանը նշեց, որ միջնորդությունը չբավարարելու դեպքում իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու են արդարության համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ