Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ջերմուկցիներին խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ «Լիդիան» ընկերությունից ասել են, որ եթե հանքի ճանապարհը բացի լինի, ապա շինարարական աշխատանքները կսկսեն մյուս տարվա ապրիլից կամ մայիսից՝ եղանակային պայմաններից ելնելով: Վարչապետն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թ-ի չորրորդ եռամսյակն է, կամ 2021 թ-ի առաջին եռամյսակում։

«Այդ ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պրոբլեմներ է առաջացնում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն։ Եւ եթե ճանապարհը բացվի, ապա շինաշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսելու։ Այսինքն՝ մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվածության բոլորիս հարցերի պատասխանները ստանալ»,-ընդգծեց նա:

Վարչապետը նշեց նաև, որ Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին։

«Հանուն արդարության ուզում եմ ասել հետևյալը. երբ այդ գործը հայտնվել է Իվանյանի վարույթում, նա իր վերադասին զեկուցել է, որ բնապահպանության նախկին նախարարի հետ ազգակցական կապեր ունի։ Նրա վերադասը նայել է քրեական արդյունքում՝ արդյոք դա բացարկման հիմք է, թե ոչ։ Եւ արձանագրել է, որ դե յուրե բացարկման հիմք չէ, և այդ մասին չի զեկուցել իր վերադասին։ Մենք դրանում խնդիր տեսնում ենք, և հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից, և կհանձնարարվի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որը կվերանայի առկա և նախկինում եղած փաստերը»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ անկախ ամեն ինչից ՀՀ օրենսդրությամբ կառավարությունն ունի հնարավորություն՝ իրականացնելու ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ Այսինքն՝  ցանկացած պահի կարող են  օդի, ջրի նմուշ վերցնել և խախտման դեպքում տալ ժամանակ՝  դրանք վերացնելու, իսկ եթե չվերացնենք, ապա  մեկընդմիշտ արգելել հանքի շահագործում։

Վարչապետը նաև հայտնեց, խնդիր է դրել, որպեսզի Շրջակա միջավայրի նախարարությունը գնի անհրաժեշտ տեխնիկան՝ մոնիտորինգ անցկացնելու համար։
panorama.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ