Քաղաքական - Ակցիա. Անհապաղ պետք է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, նրանք պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշումը և ազատ արձակել Ռ. Քոչարյանին։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից, փաստաբան Վահե Եփրիկյանն  ասաց, որ ՍԴ որոշմամբ  Քրեական դատավարության 35-րդ հոդվածի դրույթը համապատասխան մասով ճանաչվել է հակասահմանադրական, ինչից բխում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անթույլատրելի է, խափանման միջոցի ընտրության հարցը ևս։

«Ելնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ներպետական օրենսդրությունից, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից, կարելի է փաստել, քանի որ անձի անազատության հետ կապված հարցերը քննվում են անհապաղության  սկզբունքով, ուստի առաջին ատյանի դատարանը, նախագահության դատավոր Աննա Դանիբեկյանի, պետք է անհապաղ նիստ հրավիրի, նաև առաջնահերթության կարգով քննարկի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Կասկած չկա, որ պետք է վերջինս ազատ արձակվի»,- նշեց նա։

Վ. Եփրիկյանն  ասաց, որ այս կապակցությամբ որևէ որակական գործողություն դեռ չի կատարվել, դատական նիստը կայանալու է նախապես նշանակված սեպտեմբերի 12-ին։

«Կոչ ենք անում դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, նաև դատավոր Դանիեբեկյանին գործել օրենքի, ամենակարևորը՝ իրավունքի տրամաբանությունից՝ անհապաղ գումարել նիստ և քննարկման առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը»,- ասաց  ՀՀ երկրորդ նախագահի աջակիցը։

Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ, չեն պատրաստվում ներս մտել դատարան, խոչընդոտել դատարանի աշխատանքը։

«Ցանկանում ենք մեր բողոքի ձայնով պարզապես հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը մեր կողմից բարձրացված խնդրին։ Կարծում ենք, որ պետք է օրինական լուծում տան մեր պահանջին, քանի որ մեր պահանջն արդեն իսկ իրավունքի տրամաբանությունից է բխում»,- ասաց Վ. Եփրիկյանը։

Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ դատարանի նախագահին կոչ են անում անհապաղ որոշում կայացնել, անհապաղ  ազատել Ռ. Քոչարյանին, ոչ թե «վիզներդ ծուռ նայեք դեպի Հանրապետության հրապարակ և սպասեք, թե ինչ հրահանգներ են այնտեղից  հնչելու»։

«Հայաստանի հարկատուները ձեզ վճարում են, որպեսզի դուք ձեր լիազորությունների շրջանակներում իրականացրեք արդարադատության»,- ասաց Գ. Բաղդասարյանը։

Ակցիայի մասնակիցներին ընդունեց դատարանի աշխատակազմի ղեկավարը։  Դուրս գալուց հետո Գ. Բաղդասարյանն ասաց, որ  աշխատակազմի ղեկավար Ասլանյանին իրենք փոխանցել են ՍԴ որոշման մեկ օրինակը, ինչպես նաև իրենք շաբաթ  օրը պաշտոնական ուղարկել էին ՍԴ ոորոշման օրինակը։

«Մեզ հայտնեց, որ որոշումն ուղարկված է դատարան Աննա Դանիբեկյանին, այն դատավորին, ով վարույթ է  իրականացնում այս գործի վերաբերյալ։ Մենք խնդրեցինք, որ  մեր պահանջը, հորդորը փոխանցի պարոն Մկրտչյանին։ Ուզում ենք նրա դիրքորոշումը լսել  հիմա այս հարցերի վերաբերյալ, թե ինչու նախագահ Քոչարյանը մինչև հիմա ազատության մեջ չէ։ Աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ կես ժամվա ընթացքում  մեզ տեղյակ կպահի պարոն Մկրտչյանի դիրքորոշման հետ»,- ասաց Ռ. Քոչարյանի աջակից Գ.Բաղդասարյանը։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ