Հասարակություն - «Նա մեծ, փոքր չի ճանաչում». Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավարի հրաժարականը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին երեկ` սեպտեմբերի 7-ին, ՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

«Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, ղեկավարի սխալները, որոնք բերում են այսպիսի տհաճ պատկերի: Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրել, միկրոֆոնը վերցնում է եւ միանձնյա ուզում է ղեկավարել, բայց ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն: Միկրոֆոնը պիտի իր ձեռքում լինի, մեծ սեր ունի միկրոֆոնի հետ, դրա համար շատ բաներ թերի են մնում ներկայացումներում: Հասկացանք, որ այսպես շարունակվել չի կարող, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում երկար տարիների ընթացքում, այսպիսի անախորժելի երեւույթ, եւ ստիպված ենք դիմել այսպիսի քայլի»,- ասաց նա:

Արտիստները նշեցին, որ այս հարցով դիմել են Արմեն Գրիգորյանին, Կոնստանտին Օրբելյանին, մշակույթի նախարարությանը, սակայն ապարդյուն. ոչ մի արձագանք չեն ստացել:

Բալետային խմբի փորձավար, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանն էլ ասաց, որ Արմեն Գրիգորյանը նախկին աշխատավայրում խորեոգրաֆիկ քոլեջում էլ է խնդիրներ ունեցել, նույնիսկ երեխայի է ծեծել, այդ պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

«Իմանալով այդ մասին ո՞նց են նրան ղեկավար պաշտոնի վերցնում Օպերային թատրոնում»,- հավելեց նա:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ