Մշակույթ - Մինաս Ավետիսյանի որմնանկարը ռեստավրացիայից հինգ տարի անց տեղափոխվեց մասնավոր կառույց` ցուցադրության

Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնումից հինգ տարի անց տեղափոխվեց նոր տարածք: Այն 20 որմնանկարներից մեկն է, որոնք Մինասը նկարել է նախկին գործարանների ու ֆաբրիկաների ճաշարանների ու նախասրահների պատերին: «Գորգ են գործում» որմնանկարը գտնվում էր նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում:
2014 թվականին այն տեղափոխվեց գործարանի տարածքից և տեղակայվեց Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող պահեստարանային մի շենքում, որտեղ էլ տարվեցին ռեստավրացիոն աշխատանքները:
Նշենք, որ սկսած 2008 թվականից՝ վերականգնվել են Մինաս Ավետիսյանի 9 որմնանկարներ, որոնցից 2-ը գտնվում է Ջաջուռում` Մինասի թանգարանում, մյուսները` պետական ու մասնավոր կառույցներում:
«Գորգ են գործում» որմնանկարը Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանի պատերից մեկն էր զարդարում: Մինասն այն նկարել է 1973 թվականին: Հայտնի որմնանկարը գործարանի լուծարումից հետո մատնվեց անուշադրության։
Չաշխատող գործարանի տարածքում որմնանկարը հայտնվել էր բաց երկնքի տակ` առանց պահպանության: Եվ միայն հինգ տարի առաջ այն վերականգնելու ծրագիր մշակվեց, խոնավությունից քայքայված, փշրված որմնանկարը տեղափոխվեց այլ տարածք, և սկսվեցին ռեստավրացիոն աշխատանքները՝ իտալացի մասնագետների մասնակցությամբ:


 Հատուկ միջոցներով ու տեխնոլոգիայով ամբողջությամբ վերականգնված «Գորգ են գործում»-ը պահեստում պահվեց հինգ տարի՝ սպասելով այն շենքի կառուցմանը, որտեղ այսուհետև տեղ կգտնի որմնանկարը:
Որմնանկարի նոր հասցեն Աբովյան փողոց, 217-ն է լինելու՝ Ալեքպոլում հայտնի նախկին «Փարիզ» հյուրանոցի, իսկ խորհրդային տարիներին` նախկին ՊԱԿ-ի շենքի տարածքը:


Նոր անունով կառուցվող նոր շինությունը դարձյալ հյուրանոցային համալիր է դառնալու, որի նախասրահում կտեղադրվի որմնանկարը: Տեղափոխման աշխատանքները այնքան էլ  հարթ չընթացան:
Նորակառույցի հարևանությամբ գտնվող տների անկանոն դասավորության պատճառով նախ` մեքենան տեղանքին մոտենալ  չկարողացավ: Մոտ 700 կգ կշռող որմնանկարը մի քանի մետր բարձրության վրա սկսեց ճկվել, ինչի հետևանքով կարող էին ճաքեր առաջանալ:


Մասնագետները ստիպված եղան աշխատանքները դադարեցնել, մինչև ավելի հաստ ու ամուր  երկաթե կոնստրուկցիա կպատրաստեին: Ամուր կառուցատարի միջոցով վերջապես հնարավոր եղավ վերամբարձ կռունկի օգնությամբ որմնանկարը տեղափոխել շինության տարածք: Աշխատանքները տևեցին 3 ժամից ավելի, 50-ից ավելի մասնագետներ ու բանվորներ որմնանկարը շինության նախասրահ տեղափոխելու տարբերակներ էին որոնում։ Այդ աշխատանքներին հետաքրքրությամբ հետևում ու լուսանկարում էին քաղաք ժամանած զբոսաշրջիկները: Որմնանկարն անվնաս նախասրահ տեղափոխվեց ձեռքով:


Ավանդական հայ գորգագործության դրվագները պատկերող Մինասի մեծ որմնանկարն ամրացվեց հատուկ իր համար նախատեսված հատվածում: Երկու շաբաթից իտալացի այն մասնագետները, որոնք հինգ տարի առաջ վերականգնել  են որմնանկարը, կգան Գյումրի:
Մասնակի աշխատանքներ կան անելու որմնանկարի վրա` սկսած գույնից մինչև տարածքի ինտերիերին հարմարեցնելը: Մինաս Ավետիսյանի այս գործը մարդիկ տեսնելու հնարավորություն կունենան մի քանի ամսից, այն բաց կլինի ցուցադրության համար:
shantnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ