Քաղաքական - Կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին․ քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, դեպքից առաջ նկատել է հանցագործներին

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Երեկոյան ժամը 22։50-ի սահմաններում, իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք են մոտեցել Սաֆարյանին, որոնցից մեկը նրան մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից հափշտակել է «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի։

Ստյոպա Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, նույն օրը երեկոյան պետք է գնար եղբոր տուն, սակայն ինչ-ինչ պատճառներով չի բարձրացել բնակարան, իր տղայի մեքենայով գնացել է սեփական տուն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Սաֆարյանն ասաց, որ մինչեւ գնալը ճանապարհին նկատել է երկու սեւազգեստ տղաների, նրանց տեսել է նաեւ իր որդին։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ եթե դրանք հասարակ կողոպտիչներ լինեին, ապա իրենց մոտ եւս իրեր են եղել, սակայն նրանք շենքի չորս մուտքերից կանգնած են եղել հենց Ստյոպա Սաֆարյանի բնակարանի մուտք դռան մոտ․

«Երեկ այդ տղաները մուտքի դռների մոտ էին, ես չմտա իրենց տուն, ուրիշ տեղ գնացի, վերեւից տեսա, որ սեւ շորերով տղաներ են, տղաս էլ է տեսել նրանց, մտքներովս չանցավ, մեզ մոտ էլ իրեր կային, մեզ կարող էին կողոպտել․ բայց իրենք հենց Ստյոպայի համար էին կանգնել»,- ասաց տիկին Սաֆարյանը՝ նշելով, որ բացի հեռախոսից, այլ բան չեն գողացել․

«Կարծում եմ՝ ում հետաքրքրում է, միայն հեռախոսն է հետաքրքրել։ Առերեւյթ կողոպուտի տպավորություն է թողնում, շատ արագ էլ փորձում են հանությանը այդ մտքին հարմարեցնել։ Դա սովորական կողոպուտ չի եղել։ Իմ գնալուց հինգ րոպե հետո է դեպքը եղել։  Ինքը լուրջ կասկածներ ունի՝ ովքեր կարող էին լինել, բայց չենք հասցրել քննարկել, որովհետեւ այս ամբողջ ընթացքում իրավապահների հետ է եղել»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ հայտնելով, որ ոստիկանները զննում են տարածքը, բայց տեսանյութեր էլ կան, դեռեւս այլ մանրամասներ չգիտեն։

Կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ Ստյոպա Սաֆարյանը.

«Սիրելի ընկերներ, միանգամայն հասկանալի, արդարացված եւ հիմնավոր պատճառներով երեկ կատարվածի մասին որեւէ տեղեկատվություն չի տրվել: Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մնացածը՝ հետո: Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ: Ամենակարեւորը՝ դուխով»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը նախօերին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով:

«Ս․թ․ սեպտեմբերի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Արթուր Ղազարյան» անվանումով օգտատերը, որն իր բնակության վայր է նշում Մոսկվան՝ Ռուսաստանը, հեռախոսահամար՝ +79158604818, նաեւ դրանից առաջ սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում ու իր էջում հայհոյանքներ, սպառնալիքներ ու զրպարտություն է հնչեցրել իմ, այլ ընկերների հասցեին։

Պահանջում եմ հայտնաբերել խուլիգանին, հարուցել քրեական գործ ու ենթարկել պատասխանատվության։

Քրեորեն հետապնդելի այդ արարքներ, գրառումները կարող եք ձեռք բերել թե իր պատից, ինչպես նաեւ պատրաստ եմ անձամբ տրամադրել սքրինշոթերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա: Նկատենք, որ կողոպուտի դեպքը տեղի է ունեցել այս գրառումից հետո։

Ավելի ուշ Ստյոպա Սաֆարյանը հայտնել է, որ «ոստիկանության 6-րդ վարչությունում հանցագործության մասին հաղորդումն ուսումնասիրվում է։
armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ