Քաղաքական - «Սասնա ծռերի» հետ Փաշինյանի հանդիպման նպատակը այդ կուսակցության միջոցով իշխանությանը քննադատող ուժերին ճնշելն է. քաղաքագետ

Տեսնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու գործողությունները՝ կարող եմ ասել, որ նրա համար բացարձակ էական չէ, թե իր թիմի ներկայացուցիչներն ինչ իրավիճակում կհայտնվեն, եթե ինքը հանդիպի այս կամ այն ուժի ներկայացուցիչի հետ։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը։ «Սրանով է նաև բացատրվում, թե ինչու պրն․ Փաշինյանն արհամարհեց այն հանգամանքը, որ ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ժամանակին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները նվաստացրել էին, բայց հիմա ինքը մեծ հաճույքով նրանց ընդունում է կառավարության տանն ու նրանց հետ բանակցում»,- ասաց նա։

Համբարյանն այս հանդիպման մեջ այլ վտանգներ է տեսնում՝ կապված ներքին ու արտաքին անվտանգության հետ։ Նրա գնահատմամբ՝ «Սասնա ծռեր»  կուսակցությունը դասական կուսակցություն չի կարող համարվել, քան որ ունի  ռազմականացված անցյալ, ավելին՝ 2016 թ․-ին  գրավել են ՊՊԾ գունդը։ Նա նաև շեշտեց, որ «Սասնա ծռերը» ՀՀ ամենահակառուսական քաղաքական ուժն են, իսկ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է։

«Նաև Գարեգին Չուգասզյանը վերջերս բացահայտեց, որ շատ սերտ կապեր ունի սորոսականների հետ, ավելին՝ ՀՀ-ում Սորոսի գրասենյակի բացման մեջ մեծ ազդեցություն ունի։ Կարծում եմ՝ հանդիպման նպատակն այն է, որ փորձեն «Սասնա ծռերի» միջոցով Հայաստանում ճնշել այն ուժերին, որոնք խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին։ Այստեղ 2 խնդիր կա՝ նախ Փաշինյանը դառնում է «Սասնա ծռերի» գերին այս հարցում, որը կարող է դուր չգալ իր ղեկավարած ՔՊ-ի այն թևին, որը կապ չունի սորոսականների հետ, որոնք արտաքին քաղաքականության ոլորտում բացահայտ հակառուսական չեն, 2-րդ՝ սա կարող է բացարձակ դուր չգալ մեր ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին, որի հետ հարաբերություններն այս պահին այդքան էլ լավ չեն»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը չի հասկանում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես գործելով ուր է հասնելու։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ վարչապետ Փաշինյանը շատ վաղուց է զգում, որ իր վարկանիշն օր օրի նվազում է։ Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն նրանց օգնության խնդրանքով է դիմել։

Ինչ վերաբերում է հարցին, որ «Սասնա ծռերի» անդամները հայտարարում են, նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, իրենք դա թույլ չեն տալու, Գագիկ Համբարյանը շեշտեց, որ Սեֆիլյանն ու Չուգասզյանը չեն կարող որոշել, թե ապագայում ՀՀ-ում ինչ պետք է լինի։

«Ապագայի վերաբերյալ որոշումները կայացնելու է ժողովուրդը, իսկ Սեֆիլյանին ու Չուգասզյանին ուզում եմ հիշեցնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ռեյտինգը։ Եթե, գոնե, հասարակության 5 տոկոսի համակրանքը վայելեին, ապա կլինեին խորհրդարանում։ Նրանց այդ հայտարարությունը համարում եմ ամպագոռգոռ ու անտրամաբանական»,- ընդգծեց Համբարյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ «Սասնա ծռերը» սեր ունեն ուժի միջոցով իրենց ուզածին հասնելու։ Այս համատեքստում էլ Համբարյանի մոտ հարց է առաջանում, թե Ծռերն ինչն են ակնարկում «թույլ չտալ» ասելով։

«Չի բացառվում, որ  զինված գործողության տեսքով լինի, քանի որ անձինք չպատժվեցին ՊՊԾ գնդում իրենց արարքի համար, որի արդյունքում 3 ոստիկան է զոհվել։ Հիմա նրանք ազատության մեջ են ու բացահայտ սպառնում են։ Ինչ է նշանակում, որ իրենք թույլ չեն տա, իսկ իրենք ո՞վ են, որ թույլ տան կամ չտան։ Քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է բացառապես քաղաքական դրսևորում ունենան, հիմա իրենք բացահայտ սպառնում են»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ