Քաղաքական - ՀԱԿ հայտարարությունը՝ ՍԴ որոշման մասին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՍԴ վերջին որոշմանը եւ դրա հնարավոր հետեւանքներին։

Հայտարարության տեքստը՝ ստորեւ․
«Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ.-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի: Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը,  Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը։    

Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, և Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք` երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով»:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվել է, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ