Քաղաքական - Եթե դա վարչապետի կազմակերպածը չէր, նա պետք է պատասխանատվության կանչի իմ մեքենան կանգնեցնողներին. Վիտալի Բալասանյան

Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ցավոք, արժեհամակարգային ճիշտ գնահատականներ չեն տալիս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց  Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հնչող այն գնահատականներին, որ Արցախի ազատագրման պայքարի հերոսները հեղինակազրկվում են։

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները արժեհամակարգային ճիշտ գնահատականներ չեն տալիս։ Այն արժեհամակարգը, որը մենք ստեղծել ենք, դա համայն հայության հաղթանակն է, միայն արցախցիներինը չէ։ Յուրաքանչյուր քաղաքացու պետք է ճիշտ գնահատական տանք, հատկապես նրանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին»,– ասաց նա։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իրեն հեռացնելը Հայաստանի իշխանությունների ցանկությունն է եղել՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Իհարկե, եղել են Արցախի եւ Հայաստանի քաղաքական իշխանությունների մեջ այդպիսի տարաձայնություններ։ Հիմա դրա պատասխանը ես չէ, որ պետք է տամ, դրա պատասխանը պետք է տա Արցախի Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես ազատման դիմում չեմ գրել, ես ազատվել եմ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Եվ առ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ են տալիս, եթե ոչ իրենց մեծ մասնակցությունն ունեն, որ հասարակ քաղաքացիները կամ ինչ-որ քաղաքական ուժեր գնահատականներ տան պատերազմական գործողությունների մասնակիցներին, հրամանատարներին, մանավանդ՝ գեներալներին։ Ես խորհուրդ կտայի ընդհանրապես հեռու մնալ նման քաղաքականությունից, որովհետեւ դա վտանգավոր է։ Այն գեներալները, որոնք  հանցագործություն են կատարել, պատասխան կտան։ Բայց նրանք, ովքեր մեկ, երկու կամ տասը գեներալի անունով փնովում են բոլոր գեներալներին կամ բոլոր հրամանատարներին, առնվազն իրավունք չունեն իշխանությունում գտնվել։ Դա վերաբերվում է բոլոր նրանց՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա թույլ է տալիս, ուրեմն կարող ենք ասել՝ այդ ծրագրի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ես կհորդորեի Նիկոլ Փաշինյանին նախ զերծ մնալ, այնուհետեւ գնահատականներ տալ և պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք խոսում են սերմացու գողացող ինչ-որ գեներալների մասին»։

Բալասանյանն անդրադարձավ նաև մայիսին Հայաստանում իր հետ կատարված միջադեպին։

«Երեւան քաղաքում ինձ կանգնեցնում են ոստիկանության այսպես ասած ծառայողները։ Նրանք մոտավորապես մի քանի էկիպաժ էին, բոլորը՝ զինված։ Ես եղել եմ Ասկերանի պաշտպանական շրջանի հիմնադիր հրամանատարը, դեռեւս 1988 թվականի փետրվարին, երբ հարձակումներ եղան Ասկերանում, ես եմ ղեկավարել կասեցման գործողությունները. մենք որսորդական հրացաններով կասեցրել ենք հարձակումը։ Ես եղել եմ այն եզակի հրամանատարներից, որը պատերազմական գործողությունների ժամանակ տարբեր ուղղություններով ղեկավարել է տարբեր ճակատներ, ես եղել եմ այն գեներալներից, որին որևէ մեկը չի կարող ասել,  թե պետությունից, բանակից մեկ լումա է գողացել։ Եվ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար այդ օրը՝ մայիսի 19-ին, իմ դեմ այդպիսի ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Ճիշտ է, չեմ բարձրաձայնել՝ սպասելով, որ կգա ժամանակը, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, դա վերաբերում է ընդհուպ հենց առաջին դեմքին, պատասխանատվության կենթարկեն այն անձանց, այն կառույցին, որն անօրինություն է կատարել իմ՝ քաղաքացու, գեներալի, Անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ։ Առ այսօր ես չլսեցի որևէ պատկան մարմնի, հատկապես վարչապետի շուրթերից, որ որևէ գնահատական տար։ Իմ գնահատականը հետեւյալն է, որ ժամանակը կգա, կասեմ։ Կարող եմ հիմա բարձրաձայնել՝ ասելով, որ դա վարչապետի կազմակերպածն է։ Եթե ոչ, ապա վարչապետը պետք է պատասխանատվության կանչի, կամ ծառայողական քննություն անցկացվի... Սկզբում ինձ ասում են, որ կան օպերատիվ տվյալներ, որ Ձեր մոտ եւ Ձեր մեքենայում կա ապօրինի զենք-զինամթերք, բառացի՝ Ձեր մոտ եւ Ձեր մեքենայի մեջ։ Եթե օպերատիվ տվյալներ են եղել, ինչո՞ւ չգիտեին, թե մեքենայում քանի հոգի է նստած, եւ չգիտեին՝ մեքենան ում է պատկանում, եւ չգիտեին՝ մեքենայի վարորդն ով է, ինձ էին հարցնում։ Այսինքն՝ կարող եմ ասել՝ փորձ է կատարվել այսպես ասած, ինչպես հիմա ընդունված է ասել «ասֆալտին փռել», հեղինակազրկել հեղինակություն ունեցող մարդկանց։ Ես համարյա երկու ժամից ավելի կանգնած թույլ չեմ տվել խուզարկել ոչ ինձ, ոչ էլ այն մեքենան, որում գտնվել եմ, որովհետեւ նրանք  չկարողացան օրենքի պահանջով բերել համապատասխան փաստաթուղթը՝ դատարանի որոշումը։ Եվ բոլորս ականատես եղանք, որ այնպես չէ, որ բոլորին կարելի է փռել ասֆալտին»,–ասաց Բալասանյանը։
news.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ