Քաղաքական - Խաչատրյանը կալանավորվեց. պաշտպանը կբողոքարկի դատարանի որոշումը. «Այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր»

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ դատարանը պաշտպանական կողմի որևէ փաստարկի չի անդրադարձել.

«Մենք արդեն 3-րդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում։ Ընդ որում, այդ հակափաստարկներն առարկայական են՝ գործի նյութեր ու մեղադրանքի վերաբերյալ, և այդ հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել», - ասաց Երեմ Սարգսյանը։

Հարցին՝ կբողոքարկե՞ն կալանավորման որոշումը, Խաչատրյանի պաշտպանը դրական պատասխան տվեց.

«Բնականաբար, միանշանակ կբողոքարկեմ, որովհետև վերջերս մենք հույս ունեինք, որ դատարաններն այդ «շեմը» հաղթահարել են ու ավելի օբյեկտիվ, արդար են գտնվում, բայց ստացվեց, որ 3 օրվա քննությունն ընդամենը ձևական էր ու նշանակություն չուներ, թե կողմերն ինչ հիմնավոր փաստեր էին ներկայացնում»։

Պաշտպանն ընդգծեց՝ կալանավորման կիրառումն ընդունելի է, երբ մեղադրյալը, հնարավոր է, թաքնվի քննությունից, իսկ իր պաշտպանյալ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն թաքնվելու նպատակ չունի, այլև խուզարկության օրն ինքնակամ է ներկայացել։

Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը ձերբակալումը ոչ իրավաչափ էր որակել։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ էին կատարվել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Ավելի վաղ, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում։
 aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ