Քաղաքական - «Փեշակ չունեցող որոշ զանգվածի ուրախացնելու համար սրան-նրան բռնեցին». Վարդան Բոստանջյան

«Մուդիս» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է B1-ից BA3, իսկ սա 1 աստիճանով ցածր է  BA2-ից, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տնտեսական ցուցանիշն ավելի բարձր է եղել։ Կարող եք բացել նայել, ես որեւէ մեկի փաստաբանը չեմ, որ սա ասում եմ։ Այդ ցուցանիշը վատ չէ («Մուդիսի» նոր կանխատեսումը՝ խմբ․), սակայն բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ մենք ունենք խոցելիություն։ Տնտեսական աճի կտրվածքով մենք ունենք 4.5 տոկոս աճ, որը վատ չի, բայց Հայաստանի համար, փոքր շրջանառության պայմաններում մեծ բան չի։ Մենք ունենք 1.9 տոկոս գնաճ, որի համար մենք ուրախանում ենք։ Բայց մասնագետները հասկանում են, որ նման աճը նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում»,- ասաց Բոստանջյանը։

Հարցին՝ արդյոք տնտեսական ցուցանիշներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում, Բոստանջյանն ասաց. «Վարչապետը չի կարող չտիրապետել։ Ուզում եմ մտածել, որ վարչապետին ապակողմնորոշող էլ կան։ Բայց վարչապետը պարտադրված կամ ստիպված չի կարող ասել՝ վատ ենք աշխատում, իմ վարկանիշն անկում է ապրեց։ Ցանկացած իշխանություն պետք է ցույց տա, որ իրենց մոտ լավ է»։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը Բոստանջյանն ասաց, որ այդպիսի բառակապակցություն չի կարող լինել. «Կա զանգված, որը բացարձակապես չի կարողանում կողմնորոշվել՝ արեւը որ կողմից է դուրս գալիս ու մայր մտնում։ Այդ մասսայի համար կարելի է ասել հեղափոխություն, թող որ իրենք ուրախանան։ Ինչպե՞ս կարող ենք ունենալ տնտեսական հեղափոխություն մի երկրում, որտեղ կարգին տնտեսություն չկա, ռեսուրս չկա։ Ռազմավարություն մշակենք, համաձայն որի հասկանանք՝ ուր ենք գնում։ Այդպիսի բառակապակցությունները մի օրվա թիթեռի կյանք ունեն։ Դրանից հետո դուք կասեք՝ ո՞ւր է այդ հեղափոխությունը կամ դրա սահմանումը ո՞րն է»։

Դիտարկմանը, որ որոշ մարդկանց կալանավորելուց եւ մի քանի միլիոն վերցնելուց հետո, տնտեսական հեղափոխության փոխարեն գուցե երկրում տեղի ունենա տնտեսական ճգնաժամ, երբ ավարտվեն այդ գումարները, Բոստանջյանն ասաց.

«Ստվերային տնտեսությունը ցանկացած երկրում փորձում են նվազագույնի հասցնել, բայց ոչ մի երկրի չի հաջողվել դա անել ամբողջովին։ Սակայն այսպիսի ճանապարհով չի կարելի այնպես անել, որ տնտեսական զարգացման խթանները ոչնչացնել։ Ենթադրենք, որոշ մարդիկ ձերբակալել են անօրինական քայլ իրականանցելու համար, բայց այդ անօրինական քայլերի արդյունքում շատ բան են ստեղծել։ Հիմա մենք այդպես թունավորված, թարախակալված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը, այդպիսի բան լինո՞ւմ է։ Այդպիսի զարգացում լսե՞լ եք։ Փեշակ չունեցող որոշ զանգվածին ուրախացնելու համար սրան են բռնում, նրան են բռնում»։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ