Քաղաքական - Սա ֆարս է. Երևանի ավագանու անդամի հայցի քննությունն ընդդեմ «Ադեկվադ»-ի գործով նիստը հետաձգվեց

Երևանի ավագանու անդամի հայցի քննությունն ընդդեմ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրների գործով նիստը հետաձգվեց: Դատավորը հայտարարեց, որ գործի քննությունը հետաձգվում է 2019թ.-ի նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ իրենք երեկ խոստացել էին, որ եթե «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, ով հայց էր ներկայացրել «Ադեկվադ»-ի դեմ, ներկայանա դատարան, ապա իրենք ի նշան զղջումի` ծաղկեփունջ կնվիրեն նրան:

«Բերել ենք մեզ հետ ծաղկեփունջը»,- ասաց նա:

Արթուր Դանիելյանն էլ հավելեց, որ իրենց տեղեկություններով «նրանք սիրում են գունավոր ծաղկեփնջեր»:

Դանիելյանը նշեց, որ իրենք ստիպված են լինելու 3 ամիս շարունակաբար տեղեկությունը հերքելու և ներողություն խնդրելու փորձեր կատարել:

«Մենք մինչև վերջին րոպեն պայքարում էինք Գրիգորի ներողամտության համար: Կետ առ կետ անդրադառնում, հերքում ու ներողություն էինք խնդրում մեր հայտարարությունների համար: Եթե ԼԳԲՏ քարոզչությունը զրպարտելի արարք է... Եթե ասում են մեզնից ներողություն խնդրեք, մեծահոգաբար խնդրում ենք, բայց այնպես չէ, որ հասկանում ենք և ընդունում ենք մեր մեղավորության աստիճանը»,- ասաց Կ. Տեր-Նակալյանը՝ նշելով, որ Գրիգոր Երիցյանն իրեն նույնացրել է կազմակերպության հետ:

Ըստ նրա՝ ԼԳՏԲ համայնքի հզորացման վերաբերյալ տեղեկություն կա կազմակերպության էջում, ուստի իրենք չեն հասկանում, թե որն է կապը:

«Սա ֆարս է, մենք սրան լուրջ չենք վերաբերում, ոչ էլ Գրիգոր Երիցյանն է մեր թշնամին: Գրիգոր Երիցյաը մենակ չէ, կան շատ Գրիգոր Երիցյաններ ու գլխավորը զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Մակերեսային, մի բան մի տեղից լսած գիտելիքներով....»,- նշեց Կ. Տեր-Նակալյանը:

Ա. Դանիելյանն էլ հավելեց, որ իրենք պարտադրված լինելով «ֆարսի մեջ դեր խաղալ», կփորձեն տեսանելի դարձնել իրենց դիրքորոշումը: «Թող մտածեն՝ արդյոք արժե՞ շարունակել ԼԳԲՏ քարոզչություն իրականացնել»,- ասաց նա:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ