Տարածաշրջան - ԱՄՆ-ն պատրաստ է Իրանին վարկեր տրամադրել, եթե նրա իշխանությունները «պահվածքը փոխեն». Պոմպեո

Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին ֆինանսական միջոցներ հատկացնել երկրի զարգացման համար այն դեպքում, եթե իշխանությունները փոխեն իրենց պահվածքը եւ կատարեն Վաշինգտոնի առաջադրած պայմանները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

«Մենք կենտրոնացած ենք ելք գտնելու վրա: Մենք ցանկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր լինի: Մենք ցանկանում ենք, որ Իրանի ժողովուրդը հաջողության հասնի այն հարցում, որպեսզի փոխի իր ղեկավարության պահվածքը»,- ասել է նա:

«Երբ դա արվի, մենք ուրախ կլինենք Իրանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ եւ նրանց ռեսուրսներ ու կապիտալ տրամադրել, որոնք անհրաժեշտ են հաջող երկիր դառնալու համար»,- հայտարարել է Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնն արդյոք պատրաստ է Իրանին կարճաժամկետ վարկեր տրամադրել, որոնք այս երկրին թույլ կտային հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցների տնտեսական հետեւանքները:

Պետքարտուղարը հստակեցրել է, որ դրա համար Իրանը պետք է կատարի ԱՄՆ առաջադրած պայմանները: «Ինչպես նախագահն է ասել, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ համապատասխան պայմաններ կլինեն: Մենք բավականին հստակ ենք բացատրել, թե դրանք կոնկրետ ինչ պայմաններ են: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Իրանի ղեկավարությունը կհամաձայնվի դրանք կատարել»,- պարզաբանել է նա:

Իրանի միջուկային փաթեթի խնդիրը կտրուկ սրվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո նավթի արտահանման ոլորտում։ Թրամփը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Թեհրանի հետ։ Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ շահագրգռված է փոխարինել ԳՀՀԾ-ն այլ պայմանագրով, որը կներառեր ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլեւ հարցերի լայն շրջանակ, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը։
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ