Սպորտ - Լևոն Ջուլֆալակյան. Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում


Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականի որոշման մասին հայտարարած Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  անցած տարիների ընթացքում որևէ խնդիր չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ էլ ֆեդերացիայի հետ։

«Բոլոր երեք ղեկավար կողմերի համար էլ հաճելի չէր իմ հրաժարականը։ Եվ ոչ մեկը կողմ չէ։ Բայց որոշումը ես եմ կայացրել, հուսով եմ, համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է։ Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկները ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը շարժվի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների անցկացման վայրը, դրանց կազմը որոշվի ու ընտրվի իրենց ցանկություններով։ Մի խոսքով, լիքը նման տհաճ երևույթներ։ Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում»,-ասաց բանախոսը։

Գլխավոր մարզիչն ասաց, պատճառներն ինչ-որ տեղ իր համար հասկանալի են, ինչ-որ տեղ էլ՝ ոչ։

«Բայց փաստը մնում է փաստը, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, և նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ բնավորությամբ անձնավորությունը հաստատ չի կարող։ Ես իմ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահանջկոտ իմ, բոլորի նկատմամբ, պահպանել եմ կարգ ու կանոն, ձգտել եմ հասնել լավագույն, բարձր արդյունքների։ Պահանջել եմ բոլորից, նաև ինձանից։ Եթե հիմա հավաքականում կան մարզիկներ, ովքեր  պատկերացնում են, որ արդեն տիրապետում են մարզչական գործին, լիարժեք պատկերացնում են, թե ոնց պետք է պատրաստվեն, ոնց ելույթ ունենան, մի խոսքով, նման պարագայում մարզիչի դերը վերանում է։ Ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը»,-ասաց նա։

Ջուլֆալակյանն ասաց, որպեսզի հետագայում հավաքականը շարունակի բարձր արդյունքներ ցույց տալ, ցանկանում է, որ գլխավոր մարզչի ճիշտ ընտրություն կատարվի։

«Լինի ավելի պատրաստված մարզիչ, որ կարողանա հասկանալ թիմի հոգեբանությունը, կարողանա ավելի լավ պատրաստվել, ավելի շատ մեդալներ բերել, ավելի շատ ուրախացնի մեր ազգին։ Ես արել եմ, ինչ կարողացել եմ, նվիրվել եմ ամբողջությամբ»,-ասաց նա։

 Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ