Հասարակություն - Կարող են լինել իրավիճակներ, երբ որոշումը պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն դրա կայացումը. ԱԺ նախագահը՝ Ամուլսարի մասին

Ես ունեմ իմ տեսակետը, նաև խմբակցությունում և գործադիրում անընդհատ քննարկում ենք հարցը, բայց այս փուլում չէի ցանկանա գնահատական տալ, սպասենք Շրջակա միջավայրի նախարարությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքը շահագործելու հարցին։

«Հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է, մի խմբի բավականին ակտիվ կերպով հետաքրքրում է, և մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում։ Հիմա գիտեք՝ ինչ փուլում է՝ վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք Էլարդի փորձաքննությունը կամ որևէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի։ Առաջարկում եմ՝ այս փուլն էլ սպասենք»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ որևէ հանքի շահագործում, իհարկե, կարող է արդարացված լինել. «Որևէ մեկը կարո՞ղ է պնդել, որ ՀՀ-ի բոլոր հանքերը փակեն»: Նա կարծիք հայտնեց, որ շատ հիանալի է, որ առկա երկխոսությունը կա:

«Հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա, և ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարևոր հարցերում կարծիքների բախում լինի։ Քաղաքակիրթ լինելու մասին կարող ենք խոսել, բայց սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաև փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, և այս երկխոսությունը մշտապես պետք է լինի»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք ինքն ունի մտահոգություն, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է ողջախոհ մարդը չունենալ մտահոգություն։ Ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել, հիմնականում փարատվել, հիմնականում չփարատվել և բազմաթիվ այլ տարբերակներով։ Ո՞նց կարող է ՀՀ որևէ քաղաքացի անտարբեր լինել որևէ հանքի գործունեությամբ՝ պայմանավորված թափոններով և այլն։ Որևէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, և մտահոգություններ որևէ հանքի հետ կապված կառաջանային։ Պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես պնդվում է՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտության կարիք կա՞, թե՞ ոչ»,-ասաց նա և նշեց, որ պետք է սպասեն՝ մասնագիտացված կառույցն իր խոսքն ասի, հետո մնացածը «սառը գլխով» քննարկել:

Իսկ թե Ամուլսարի գործարկումը չի՞ վտանգի իշխանության վարկանիշը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեև, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն քարոզում են հանքի չշահագործումը՝ այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Եթե ՇՄԱԳ–ի կարիք չլինի, և գնանք հանքի շահագործման, և որևէ այլ հարցում, իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որևէ իշխանություն արդյո՞ք պետք է մտածի և որոշի միմիայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որևէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք»:

Հարցին, թե հավատում է, որ կոռուպցիոն ռիսկերից զերծ ՇՄԱԳ-ի որոշում է ժամանակին եղել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Հավատի հարց չէ, ես կարող էի հավատալ, չհավատալ, բայց պետք է ունենանք մասնագիտացված և դրա համար լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»։

Նրա խոսքով՝ ինքը փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է Քննչականին, հակառակ դեպքում պետության կառավարումը կդառնար անհնար։

Հարցին՝ արդյո՞ք խմբակցության տարաձայնությունները չեն նպաստի, որ այն պառակտվի, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ տարաձայնություններ են։ Ձևակերպումների մեջ կարող է երանգավորման խնդիր լինել, որն ամբողջապես պատկերը փոխի, բազմակարծություն, այո, տարբեր կարծիքների ազատ արտահայտում և՛ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ, և՛ գործադիրի հետ քննարկումների ժամանակ, և՛ նաև դրսում՝ հրապարակավ կարծիքների տարբեր արտահայտում՝ այո, տարաձայնություն՝ ոչ, պառակտում, ոչ, հաստատ ոչ»։
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ