Սպորտ - Լեւոն Ջուլֆալակյանը կհեռանա Հայաստանի հավաքականից

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն, ըստ նախնական տեղեկությունների, հրաժարական է տվել: Օգոստոսի 27-ին Երեւանում կայանալու է օլիմպիական չեմպիոնի ասուլիսը, որի ընթացքում գլխավոր մարզիչը մեկնաբանելու է հրաժարականի դրդապատճառները: Այդ մասին գրված է մամուլիս ասուլիսի հայտարարությունում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը առայժմ չեն հաստատում գլխավոր մարզիչի հրաժարականի լուրը:

Օլիմպիական չեմպիոնի՝ Հայաստանի ազգային հավաքականը լքելու մասին լուրերը շրջանառվում էին դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն որեւէ հստակ տեղեկություն չէր տրվում, քանի որ Հայաստանի հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Բելառուսի Ստայկիի մարզաբազայում՝ ԱԱ-2019-ին ընդառաջ:

Թե որն է եղել օլիմպիական չեմպիոնի նման որոշում կայացնելու պատճառը, հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ հավաքականի գլխավոր մարզիչը տարաձայնություններ ուներ թիմի անդամների հետ:

Գաղտնի չէ, որ ազգային հավաքանում մշտապես անհամաձայնությունների առիթ էր ստեղծում որեւէ մրցաշարից առաջ 77 կգ քաշային կարգում ներկայացուցիչի ընտրության հարցը, քանի որ այս քաշում մեծ մրցակցություն է Լոնդոնի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ Հայաստանի գործող չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի միջեւ:

Եվրոպական երկրորդ խաղերից հետո Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը մասնակցեց երկու միջազգային մրցաշարերի՝ Լեհաստանում եւ Վրաստանում: Արդյունքներով որոշվելու էր սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությում Հայաստանի թիմի կազմը։ Առաջնությունն օլիմպիական վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:  

Երկու միջազգային մրցաշարերի մասնակից կազմում էլ Կարապետ Չալյանն ընդգրկված չէր: Վարշավայի միջազգային մրցաշարում Լեւոն Ջուլֆալակյանը հայտավորել էր միայն Արսեն Ջուլֆալակյանին։ Սակայն ըմբիշն անհասկանալի պատճառներով չմեկնեց Վարշավա:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի որոշմամբ այս քաշային կարգում աշխարհի առաջնության մասնակցության համար Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը վերջնական փորձամրցում անցկացրին: Գոտեմարտն ավարտվեց Կարապետ Չալյանի հաղթանակով եւ աշխարհի առաջնությունում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ստացավ Կարապետ Չալյանը: Փորձամրցումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, հավաքականը Բելառուսից Հայաստան է վերադարձել օգոստոսի 25-ին եւ դրանից մեկ օր անց հայտարարվում է Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի հարցը եւ այն, որ վաղվա կայանալիք ասուլիսում օլիմպիական չեմպիոնը խոսելու է ազգային հավաքականի ճամբարը լքելու պատճառների մասին:

55-ամյա օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավորում է 1999 թվականից: Նրա մարզչության օրոք Հայաստանի հավաքականը մեծ նվաճումներ է ունեցել: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ 20 տարվա դադարից հետո 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում Արթոր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը, Արսեն Ջուլֆալակյան՝ Լոնդոն-2012-ի փոխչեմպիոն, Միհրան Հարությունյանը՝ Ռիո-2016-ի փոխչեմպիոն, Յուրի Պատրիկեեւը՝ Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, Ռոման Ամոյանը Պեկին-2008-ին բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ Լոնդոն-2012-ի բրոզնե մեդալակիր:

Լեւոն Ջուլֆալակյանի մարզչության 20 տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը 7 անգամ նվաճել է աշխարհի առաջնության ոսկե եւ 14 անգամ Եվրոպայի ոսկե մեդալներ:

Աշխարհի չեմպիոններն են դարձել՝ Վաղինակ Գալստյան (2001թ.), Արսեն Ջուլֆալակյան (2014թ.), Արթուր Ալեքսանյան (2014, 2015թ, 2017, 2018թթ.) Մաքսիմ Մանուկյան (2017):

Եվրոպայի չեմպիոններ՝ Կարեն Մնացականյան (2006 թթ.), Վահան Ջուհարյան (2004թ.), Մովսես Կարապետյան (2005թ.), Ռոման Ամոյան (2006, 2011թթ.), Յուրի Պատրիկեեւ (2008, 2009թթ.), Արսեն Ջուլֆալակյան (2009թ.), Արթուր Ալեքսանյան (2012, 2013, 2014, 2018թթ.), Վարշամ Բորանյան (2016), Մաքսիմ Մանուկյան (2018):
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ