Մշակույթ - Իսակով-125. արձանի խարիսխը վերականգնվեց

Իսակով-125. արձանի խարիսխը վերականգնվեց

 

Խորհրդային նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի բակը կիրակի օրը լեփ-լեցուն էր: Առիթը մեծն ծովակալի 125-ամյակի կապակցությամբ նրա արձանի գողացված խարիսխի վերականգնումն էր, ինչն էլ տեղի ունեցավ օգոստոսի 25-ին՝ Իսակովի ծննդյան օրվանից՝ օգոստոսի 22-ից, օրեր անց:

Ամիսներ առաջ Tesaket.info-ն անդրադարձել էր այն փաստին, որ Իսակովի արձանն արդեն տևական ժամանակ է՝ առանց խարիսխի է, քանի որ այն գողացել են՝ որպես թանկարժեք մետաղ: «Վաղուց էինք պլանավորել վերականգնել այն, 125-ամյակն էլ լավ առիթ հանդիսացավ»,-մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, որի շնորհիվ և ջանքերով էլ վերականգնվեց խարիսխը:

Դպրոցի բակում հավաքված ՀԱՖ անդամները նախ այցելեցին Իսակովի թանգարան, որտեղ նրանց ողջունեցին դպրոցի սաները՝ տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի և փոխտնօրեն Սուսաննա Քարամյանի օգնությամբ կազմակերպած իրենց փոքրիկ ու գեղեցիկ երաժշտական համարներով, այնուհետև մասնակիցները, մեքենաներին փակցնելով ծովակալի նկարները, շարժվեցին Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ՝ «Այաս» նավամատույց: Այստեղ ավտոերթի մասնակիցներին դիմավորեցին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանն ու ակումբի անդամները: Մասնակիցները խարիսխը «Կիլիկիա» նավի մոտից հանդիսավոր տեղափոխեցին ավտոքարշակի վրա և վերադարձան Երևան՝ Իսակովի արձանի մոտ: Ինչպես մեկնման, այնպես էլ վերադարձի ճանապարհն ուղեկցվեց պատահական անցորդների բարի ժպիտներով և ողջույնի խոսքերով. անշուշտ, միշտ էլ հաճելի է տեսնել, որ ազգի հերոսները գնահատվում են: Հավանաբար շատերը հիշեցին, որ ամիսներ առաջ նույն կերպ՝ դարձյալ ավտոշարասյունով, ՀԱՖ անդամներն ու միջոցառման մասնակիցները մեծարել էին Հովհաննես Թումանյանին՝ նրա 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ավտոերթի ժամանակ:

Ավտոշարասյունը նշանակված ժամին հասավ Երևան՝ անմիջապես Հ. Իսակովի արձանի մոտ, որտեղ արդեն հավաքվել էին միջոցառման մյուս հյուրերը, որոնք չէին մեկնել Արտանիշ: Այստեղ ՀԱՖ անդամները խարիսխը տեղադրեցին Իսակովի արձանի մոտ՝ այդպիսով վերականգնելով դրա նախկին տեսքը: Գագիկ Աղաջանյանը, Կարեն Բալայանը, Ծովակալ Իսակովի ասոցիացիայի անդամները հանդես եկան ողջույնի խոսքով. նրանք բոլորը մեծապես կարևորեցին ծովակալի՝ պատմության մեջ ունեցած դերի վերաարժևորման հարցը, շեշտեցին ռազմական գործչի նրա բացառիկ հմտություններն ու հսկայական ավանդը հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բալթիկ ու Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում:

Ինչպես նշեց պարոն Աղաջանյանը՝ մեծ շուքով ավտոերթով Արտանիշ շարժվելն ու «Կիլիկիա» նավից խարիսխը տեղափոխելը խորհրդանշում են մեր երբեմնի, այսպես ասած, ծովային պատմությունը՝ Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանը, ու թեև այսօր ծով չունենք, սակայն հայ ազգը ծովակալներ դեռ տալիս է:

Ի դեպ՝ խարիսխը բրոնզից չէ, ինչպես նախկինը, այլ պատրաստված է պողպատից, իսկական նավի խարիսխ է և կշռում է 350 կգ: Պարոն Աղաջանյանն այն հատուկ բերել է տվել նավահանգիստներից մեկից՝ արձանի մոտ տեղադրելու նպատակով: Ուշագրավ է, որ խարիսխի վերականգնման ցանկություն տարիներ առաջ հայտնել են դեռ Ծովակալ Իսակովի ասոցիացիայի անդամները: Հենց նրանք էլ դիմել են Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա՝ արձանի նախկին տեսքը վերականգնելու համար, և այսօր բոլորի ցանկությունն արդեն իրականություն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին Ասոցիացիայի նախագահ Մարտին Սահակյանը, անդամներ, առաջին կարգի կապիտան Ռոբերտ Ավանեսյանն ու կապիտան, լեյտենանտ Մարատ Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին անմիջապես Իսակովի արձանի մոտ ՀԱՖ-ն իր շարքերը համալրեց նոր անդամներով, որոնք հանդիսավոր կերպով ստացան իրենց անդամատոմսերը, այնուհետև, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, միջոցառման բոլոր մասնակիցներն ու հյուրերն իրենց գեղեցիկ օրն անմահացրեցին խմբակային լուսանկարով:

Ինչպես վերը նշեցինք՝ նման ավտոերթ ՀԱՖ-ը կազմակերպել էր նաև Թումանյանի ծննդյան օրվա առթիվ, իսկ այս անգամ ֆեդերացիայի անդամները մեծարեցին Իսակովին: Ճիշտ են ասում, որ հերոսները կենդանի են այնքան ժամանակ, որքան նրանց հիշում են: Միայն ու միայն ողջունելի է, որ նման միջոցառումների շնորհիվ ևս մեկ անգամ գնահատանքի խոսք է ասվում մեր մեծերին և արժևորվում է նրանց գործը, որը, հիրավի, անմահ է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ