Քաղաքական - ԱԺ դարպասների փակումը մեսիջ էր, որ իշխանությունն այլևս թափանցիկ չէ, ստեղծված իրավիճակը պոպուլիզմի հետևանք է. Անի Սամսոնյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Անի Սամսոնյանը կարծում է, որ Ամուլսարի շուրջ թնջուկն էլ ավելի է խտանում, այնինչ` հակառակը պիտի լիներ, փորձաքննությունը պետք է բազմաթիվ հարցերի պատասխաներ, ինչը չեղավ: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դիմել էր Քննչական կոմիտեին հենց փորձաքննության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, քանի որ այս ընթացքում պարզվեց, որ որպես այդպիսին փորձաքննություն չի էլ եղել:

«Առաջին հարցն այն է, թե ինչպես էր ընտրվել «Էլարդ» ընկերությունը փորձաքննություն իրականացնելու համար, օրինակ` պարզ դարձավ, որ կառավարությունում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը կապեր ունի այդ ընկերության հետ, ինչը առաջացնում է հարցեր: Մյուս խնդիրն այն է, որ «Էլարդը» չի արել իր սեփական փորձաքննությունը, այլ հավաքագրել տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից և համադրելով տեղեկությունը՝ տվել է գնահատական: Եթե գործողությունների ծրագիրը նայեք, պարզ գրել են՝ հանդիպել են «Լիդիանի» ներկայացուցիչների հետ, իրենց հետ գնացել են տեղանք, այնտեղ եղել են մեկ օր, մասնակցել են «Լիդիանի» կոնֆերանսներին, այսինքն` «Լիդիանն» ազդեցություն է ունեցել որպես տեղեկատվության աղբյուր այս փորձաքննության վրա: Մյուս խնդիրը ռիսկերին է վերաբերում, և պարզվում է՝ ունիվերսալ փաստաթուղթ է, որտեղ բոլորը կարող են գտնել հարցերի իրենց ուզած պատասխանները»,-նշեց նա:

Անի Սամսոնյանն ընդգծեց, որ ռիսկերի առկայության պայմաններում անթույլատրելի է Ամուլսարի շահագործումը և իր համար հասկանելի չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տրամաբանությունը, թե Ամուլսարի շահագործումը բնապահպանական աննախադեպ չափորոշիչներ է մտցնելու հանքաարդյունաբերության ոլորտում:

«Կառավարությունը միշտ հղում է արել ժողովրդի իշխանությանը, թե ժողովուրդը պիտի որոշի, ասի, թե ինչ է ուզում, իսկ հիմա այնպիսի իրավիճակ է, որ ժողովուրդը չի ուզում, որ Ամուլսարը շահագործվի, քանի որ ժողովուրդը իր կյանքի առողջության համար տեսնում է վտանգներ»,-ասաց նա` հավելով, որ իշխանությունները չպետք է գնան միանձնյա որոշումների ճանապարհով:

Անդրադառնալով քաղհասարակության հետ շփումներում Նիկոլ Փաշինյանի վարքագծի փոփոխությանը և ձևավորվող անջրպետին, նա նշեց, որ ստեղծված իրավիճակը  կառավարության պոպուլիզմի արդյունքն է, երբ արվում են հայտարարություններ, որոնց համար հող չկա, ցավոտ պատասխաններ են տրվում:

Պատգամավորի կարծիքով՝ այսպիսի իրավիճակ ստեղծվել է նաև սուպերվարչապետական համակարգ ունենալու պատճառով:

«Երբ մենք ասում էինք, որ ոստիկանությունը պետք է դուրս բերվի վարչապետի ենթակայության տակից և հաշվետու լինի ԱԺ-ին, մենք ասում էինք այն օրերի համար, ինչը կատարվեց 2 օր առաջ Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը բնականաբար կատարում է հրահանգներ, այն, ինչ կատարվեց, բոլորիս համար զարմանալի էր: Մարդիկ գիտեին, թե ոստիկանությունն էլ է փոխվել, իրենցն է, տեղի են ունեցել բարեփոխումներ, որ այս իշխանությունը հարգելու է մարդկանց բողոքի իրավունքը, որ բողոքի՝ փողոց փակելու գործիքը այլևս իրենցից չեն խլի, և զարմանալի է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, որ փողոց փակելը արդիական չէ, իսկ ով ասաց, որ դա ոստիկանությունն է որոշում»,-մանրամասնեց պատգամավորը:

Անի Սամսոնյանի խոսքով՝ իր համար խորհրդանշական էր նաև ԱԺ դարպասների փակելն ակցիայի մասնակիցների առաջ:

«Երբ ես իջա Բաղրամյան պողոտա, ինձ ասացին, որ անվտանգությունը բա ինչպե՞ս պահեն, որ ասում եք բաց պահեն, ես էլ ասացի, որ հոկտեմբերի 2-ից ավելի վտանգավոր օր այս տարածքում չի եղել, երբ մարդիկ մոտեցել էին շենքին, պատրաստ էին կրծել նախկին համակարգի պատգամավորներին, գերպայթյունավտանգ իրավիճակ էր»,-նշեց նա:

Անի Սամոսնյանն ասաց, որ բաց դարպասները որոշակի առումով խոսում էին իշխանության բաց, թափանցիկ աշխատանքի մասին, և ԱԺ դարպասների փակմամբ մարդիկ մեսիջ ստացան, որ իշխանությունն այլևս բաց, թափանցիկ չէ:

Անի Սամսոնյանն ասաց, որ քննադատելով ԼՀԿ-ն պղտոր ջրում ձուկ չի որսում, քանի որ իրենք կոմֆորտի գոտի չէին մտել, չեն փորձել շատերի նման տեղավորվել վարչապետի ավտոբուսի մեջ:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ