Քաղաքական - Այդ լուրն ընդհանրապես կապ չունի իրականության հետ. Վարագ Սիսեռյանը՝ «Էլարտ» ընկերությունն իր հորը պատկանելու լուրի մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հերքում է իր կամ հոր կապը լիբանանյան «Էլարտ» ընկերության հետ, որը կատարել է Ամուլսարի հետ կապված փորձաքննությունը: Նա Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն դեռևս ամիսներ առաջ տարբեր մարդիկ տեղեկացրել էին, որ նման լուրեր են շրջանառվում:

«Անձամբ եմ փոխանցել Տիգրան Ավինյանին, որ իմ ու հորս անվան հետ նման լուրեր են շրջանառվում, փոխանցել եմ նաև այլ համապատասխան մարմինների: Դեռևս այն ժամանակ էի ցանկանում արձագանքել, սակայն սպասեցի պահը գա: Այդ լուրն ընդհանրապես կապ չունի իրականության հետ»,- ասաց նա:

Սիսեռյանը վստահեցրեց, որ ինքը թաքցնելու բան չունի, այսօր էլ Կառավարության դիմաց պատահական չի հայտնվել, ավելին՝ եկել է հրապարակավ հերքելու այդ տեղեկությունը:   

«Եթե պահելու բան ունենայի, ապա այսօր այստեղ չէի լինի: Կապ չունի իրականության հետ»,- նշեց Վարագ Սիսեռյանը:

Դիտարկմանը, որ «Էլարտ» ընկերությունը լիբանանյան է, նա արձագանքեց. «Եթէ լիբանանյան է, իսկ կառավարությունում մեկ լիբանանահայ կա, ուրեմն՝ իրե՞նն է: Ես մրցույթի հետ նույնիսկ կապ չունեմ»:

Նշենք, որ բնապահպան Բաբկեն Հարությունյանն այսօր կառավարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց, որ «Էլարտ» ընկերությունը կապված է Ավինյանի գրասենյակի ղեկավարի հոր հետ:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ