Միջազգային - Պորոշենկոյի վրա հարցաքննությունից հետո ձվեր են նետել

Ուկրաինայում անհայտ անձինք հավկիթներ են նետել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ, երբ նա հարցաքննությունից հետո լքել է Հետաքննությունների պետական բյուրոյի շենքը, հաղորդում է ria.ru-ն:

Նշվում է, որ հավկիթները դիպել են նաև լրագրողներին, Պորոշենկոյի կողմնակիցներին և ոստիկաններին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարցաքննությունը վերաբերել է «Прямий» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից հնարավոր խուսափելու գործին և տևել է գրեթե երեք ժամ: Դրանից հետո նախկին նախագահը շփվել է լրագրողների հետ և հեռացել:

Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում պետության նախկին ղեկավարը լրացուցիչ ցուցմունքներ է տվել նավաշինական ընկերություններից մեկի գործարանը վաճառելու գործով:

Փաստաբանը նաև նշել է, որ Պորոշենկոն որպես վկա է անցնում երեք գործով, այսօր նրան հայտնել են ևս մի գործի մասին:

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբան հայտնել է, որ նախկին նախագահի հաջորդ հարցաքննությունը կարող է տեղի ունենալ ստի դետեկտորի օգտագործմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հետաքննվում: Իր հերթին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն նշել էր, որ բոլոր գործերով նախկին նախագահն անցնում է որպես վկա:

Պորոշենկոն, ելույթ ունենալով «Եվրոպական համերաշխություն» կուսակցության համագումարում, հայտարարել էր, որ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ժողովրդի առաջ և չի վախենում պատասխանատվությունից:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ