Քաղաքական - Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ից խնդրել է սահմանադրական կարգի տապալման համար պատժի վերաբերյալ եզրակացությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրել է տրամադրել երկրի Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալման համար պատիժ նախատեսող հոդվածի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

ՄԻԵԴ հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանը երկրորդ երկիրն է, որը նման եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի  թիվ 16 արձանագրության համաձայն: Առաջին հարցումը 2018 թվականի հոկտեմբերին կատարել է Ֆրանսիան: Թիվ 16 արձանագրությունը գերագույն դատարաններին եւ տրիբունալներին թույլ է տալիս խորհրդատվական եզրակացություն հայցել սկզբունքային հարցերում, որոնք  առնչվում են Եվրոպական կոնվենցիայով կամ կից արձանագրություններով որոշված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ հարցումը կատարվել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի շրջանակում 2 գործի ենթատեքստում, որոնք հարուցվել են Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի ենթատեքստում:

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերնագրված է՝ «Սահմանադրական կարգի տապալում»:

Սահմանադրական դատարանն իր հարցման մեջ խորհուրդի համար դիմել է Եվրոպական դատարանին՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի որոշակի ասպեկտներով, ինչպիսին է այդ դրույթի նշանակության մեջ «Օրենք» կոնցեպցիան, օրինականության, հասանելիության, կանխատեսելիության, կայունության եւ քրեական օրենքի հակադարձ ուժի բացակայության սկզբունքի հասկացությունները:

Խորհրդատվական եզրակացություն կարելի է հայցել միայն ազգային դատարանի կողմից քննվող գործի ենթատեքստում: Հարցման ընդունումը կամ մերժումը Դատարանի հայեցողությամբ է: Հինգ դատավոր որոշում են ընդունել արդյոք հարցումը՝ նշելով մերժման պատճառը:

Մեծ պալատի արտահայտած խորհրդատվական եզրակացությունը պարտադիր չէ: Կարծիքները հրապարակվում են եւ ի գիտություն ուղարկվում հարցումը կատարած դատարանին կամ տրիբունալին եւ համապատասխան Բարձրագույն ստորագրող կողմին: Դատավորները իրավունք ունեն կայացնելու առանձին կարծիք:

Թիվ 16 արձանագրության նպատակն է Դատարանի եւ ազգային իշխանությունների միջեւ փոխգործակցության ընդլայնումը եւ դրանով Կոնվենցիայի իրավունքների եւ ազատությունների իրականացման ամրապնդումը:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ