Կրթություն - ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում, այլև կեղծում է իր կենսագրությունը. ՀՊՏՀ դասախոս

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում, այլև կեղծում է իր կենսագրությունը։ Նպատա՞կը․․․: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՊՏՀ դասախոս Գագիկ Շահնազարյանը: Նա մանրամասնել է.

«ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իր ինքնակենսագրականում նշում է, որ 2009-2011 թվականներին աշխատել է «Գորիս Կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: Հիշյալ ընկերության մասին համացանցում բացակայում է որևէ տեղեկություն, թե՛ նրա աշխատակազմի, թե՛ արտադրանքի վերաբերյալ: Բացառություն է հարկային տարվա արդյունքներով մեկ միլիոն դրամը գերազանցող ապառքներ ունեցող ընկերությունների ցանկը:

Նշյալ ցանկում «Գորիս Կաթ» ՍՊԸ-ն 409-րդ համարն է։ Ընկերությունը հաշվառված է Վերիշեն գյուղում: Ընկերության վերաբերյալ տեղեկություններ առկա են նաև datalex.am համակարգում: Ընկերությունն անցում է երկու դատական գործով. առաջինը՝ գումարի բռնագանձման հայցով, երկրորդը՝ սնանկության: Երկու գործով դիմումատու են ՀՀ ԿԱ ՊԵԿ Գորիսի ՏՀՏ-ն և ՀՀ Ֆինանսների նախարարության Գորիսի ՏՀՏ-ն:

Գումարի բռնագանձման դատական գործում փաստական հանգամանքն այն է, որ ընկերությունը չի կատարում իր հարկային պարտավորությունները, որոնք առաջացել են 2010 թվականի և հաջորդիվ ժամանակահատվածների հարկային հաշվարկ-հաշվետվություններից: ՀՀ վարչական դատարանը թիվ. ՎԴ1/0111/05/11 վարչական գործով բավարարել է Գորիսի ՏՀՏ-ի հայցը, որի հիմքով
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից հարուցվել է թիվ 09/-313/12 կատարողական վարույթ: Կատարողական թերթի հիման վրա գործը ավարտվել է համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 և 41 հոդվածների 1.3 կետով (պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն): Կատարողական վարույթը ավարտվել 2012 թվականի ապրիլի 28-ին: Արդեն իսկ 2014թ. սնանկության թիվ ՍԴ3/0047/04/14 գործով «Գորիս Կաթ» ՍՊԸ-ն ճանաչվում է սնանկ:

Ռուբեն Հայրապետյանն իր ինքնակենսագրականում նշում է, որ տվյալ ընկերությունում աշխատելուն զուգահեռ (ընկերությունը հաշվառված է Սյունիքի մարզում) աշխատել է նաև բուհում, որպես ասիստենտ (ՀՊՏՀ-ը գտնվում է ք. Երևանում):

Ըստ Ռուբեն Հայրապետյանի նա 2009, 2010, 2011 թվականներին աշխատել է մի ընկերությունում, որն առաջին անգամ հաշվառվելով 2009 թ կեսերին, արդեն հաջորդող հարկային տարիներում կուտակել է հազարավոր դրամների հարկային ՉՄԱՐՎԱԾ պարտավորություն, արգելանքի տակ են եղել ընկերության բանկային հաշիվները, ԴԱՀԿ ծառայությունն անհնարինության հիմքով ընկերության նկատմամբ ավարտել է կատարողական վարույթը, իսկ հետագայում, այդպես էլ չկատարելով իր պարտավորությունները, այն սնանկացել է: Այդ աշխատանքին զուգահեռ Ռուբեն Հայրապետյանը դասավանդել է Երևանում:

Արդյունքում ստացվում է՝

- Նա աշխատել է մի ընկերության փոխտնօրեն, որը, միլիոնավոր դրամի չափով հարկեր այդպես էլ չմուծելով, սնանկացել է, փաստացի նրա պաշտոնավարման տարիներին գոյացած ապառքների արդյունքում։

- Նա աշխատել է ու ինչ որ հատուցում է ստացել այն ընկերությունից, որի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է գույքի և եկամուտների բացակայության ու պարտապանի հայտնաբերման անհնարինության հիմքով: Իսկ ԴԱՀԿ մասին օրենքով բռնագանձման ենթակա գույքը կամ միջոցներն օտարելը, դիտավորյալ թաքցնելը հանցագործություն է:

- Նա աշխատել է փոխտնօրեն մի ընկերությունում, որը հաշվառված է եղել Սյունիքի հարկային տեսչությունում, գրանցված՝ մարզի Վերիշեն գյուղում, և դրան զուգահեռ իր աշխատանքը կարողացել է համատեղել Երևանում գտնվող տնտեսագիտական համալասարանում դասախոսությամբ և գիտական գործունեությամբ զբաղվելու հետ:

Հետևություն. կա՛մ անձը փաստացի չի աշխատել տվյալ ընկերությունում, սակայն ցանկացել է հանդես գալ որպես կառավարման փորձ ունեցող գիտնական, կա՛մ լինելով փոխտնօրենի պաշտոնում իր ղեկավարած ընկերության շնորհիվ պետական բյուջեի հանդեպ միլիոնավոր դրամի պարտավորություն է թողել, և մի գուցե նպատել է թաքցնել ԴԱՀԿ ծառայությունից:

Հարց է առաջանում. ինչո՞ւ է ռեկտորի պաշտոնակատարը կեղծել իր կենսագրությունը։ Գուցե՞ դրա պատճառը այն է, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման հավելված N 1 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման)» ընդհանուր կարգի 9-րդ կետի բ ենթակետով ՊՈԱԿ-ի գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններից է «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ․․․»։ Արդյո՞ք ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը 2009-2011 թթ աշխատել է տվյալ ընկերությունում, նշյալ ընկերությունը 2009, 2010, 2011 թվականներին կատարե՞լ է իր հարկային պարտավորությունները, գրանցված աշխատողներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, այդ աշխատողների համար եկամտային հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ: Կարող եք ճշտել հարցում կատարելով ՀՀ ՊԵԿ։ Իսկ եթե նա այդ երեք տարվա ստաժը չունի, ապա չի կարող զբաղեցնել ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը։ Ինչ կեղծիքներ ասես որ չես անի պաշտոն զբաղեցնելու համար։

Հ.Գ. «Գորիս Կաթ» ՍՊԸ լուծարման վարույթ սկսելու մասին որոշումը կայացվել է 2018 թվականի դեկտեմբերին և հատկանշանական է, որ Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի ժ/պ նշանակելու ամսաթիվը ևս 2018 թվականի դեկտեմբերն է:


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ