Քաղաքական - Մարտի 1-2-ի դեպքերին մասնակից ոստիկաններին փոխհատուցում կտրվի որոշակի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով. Մ. Պողոսյան (տեսանյութ)

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իրադարձությունների ընթացքում տուժած քաղաքացիներին, տուժածների իրավահաջորդներին ու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասվածք հասցված անձանց պետության կողմից փոխհատուցում տալու հարցում շահերի բախում կա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովի և Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Ես իրականում տեսնում եմ շահերի բախում ու դրա հետ կապված էլ արձագանքել եմ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ տուժած քաղաքացիներին պետությունը որոշակի աջակցություն տրամադրի, կլինի դա Մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին, թե կարկտահարությունից կամ այլ իրադարձություններից տուժածներին, բայց երբ տվյալ աջակցությունը տրամադրվում է կոնկրետ քրեական գործի շրջանակում, որի քննությունը դեռևս չի ավարտվել և որի կապակցությամբ ներկայիս իշխանության վերին օղակներն ուղղակի շահագրգիռ անձինք են, ապա ես այդտեղ խնդիր եմ տեսնում: Ժամանակը ցույց է տալիս, որ այժմ ՀՀ իրավապահ մարմինները զբաղված են միայն Մարտի 1-2-ի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելով»,- ասաց Միհրան Պողոսյանը:


Նրա խոսքով՝ հատկանշական է նաև կառավարության որոշումը, համաձայն որի՝ փոխհատուցում տրվելու է ծառայողական պարտականությունները կատարող անձանց և քաղաքացիներին, որոնք տուժել են:
«Եղել են բազմաթիվ անձինք, ովքեր տուժել են զանգվածային անկարգություններ իրականացնելու հետևանքով: Արդյո՞ք արդար է, որ զանգվածային անկարգություն իրականացրած անձը ստանա փոխհատուցում, չէ՞ որ քրեական գործով վերջնական գնահատական չի տրվել ո՛չ քաղաքացիների գործողություններին, ո՛չ էլ իրավապահ մարմինների գործողություններին: Բացի այդ, շատ կարևոր էր ինձ համար ծառայողական պարտականություններ իրականացնող ոստիկաններին և քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հիմնավորվածության տարբերակումը, որովհետև երբ այդ պատճառաբանումն ու տարբերակումը տալու է վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ևս մի շահագրգիռ կողմ սույն քրեական գործով, ես չեմ բացառում, որ այդ փոխհատուցումը կտրվի քրեական գործով որոշակի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ կոնկրետ այդ գործով տուժածներին ու տուժածների իրավահաջորդներին փոխհատուցում տալը խնդրահարույց է, և հետևաբար, հարցեր են առաջանում, թե այլ գործերով տուժողներին ինչո՞ւ փոխհատուցում չեն տալիս:

«Ինչո՞ւ փոխհատուցում չի տրամադրվում «Էլեկտրիկ Երևան» իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին, այն ժամանակ ևս տուժած անձինք կային կամ 2016-ին Խորենացի փողոցում տուժած քաղաքացիներին:
Եթե այդ անձանց չի տրամադրվում փոխհատուցում միայն այն պատճառով, որ տվյալ շարժումները չէին առաջնորդում օրվա իշխանությունները, ապա այստեղ քրեական գործով լրջագույն խնդիր է առաջանում, որովհետև արդեն այդ անձանց ցուցմունքների հավաստիության հարց է առաջանում, որը ես ինքս արդեն դատական քննության ընթացքում բարձրացնելու եմ»,-նշեց Պողոսյանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ փոխհատուցման անվան տակ գործով որևէ կարգավիճակ ունեցող ոստիկանները կարող են վարույթն իրականացնող մարմնին հաճո ցուցմունքներ տալ և դրան համարժեք պատասխա՞ն ստանան փոխհատուցման ժամանակ, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչև 2018 թվականն այս գործով ոստիկանները, ովքեր մասնացել են այդ իրադարձություններին, նշում էին, որ ժողովուրդն իրականացրել է զանգվածային անկարգություն, քարեր է նետել և այլն, ինչի պատճառով իրենք տուժել են:

«Այժմ ոստիկանության ծառայողի հայտնած նման կերպ տեղեկությունը ձեռնտու չէ վարույթն իրականացնող մարմնին, որովհետև վարույթն իրականացնող մարմինը 10 տարի անց հանգել է այն եզրակացության, որ բողոքը կրել է խաղաղ բնույթ, ցուցարարները չեն իրականացրել զանգվածային անկարգություններ: Այս պարագայում, կարծում եմ, որ ոստիկաններին փոխհատուցում տրամադրելու միակ նախապայմանը լինելու է ոչ թե այն, ինչը սահմանված է օրենքով՝ որ պետք է քրեական հետապնդման ենթարկված չլինեն կամ արդարացված լինեն, այլ միայն այն, որ իրենք խաղաղ կանգնած են եղել խաղաղ բնակիչների դեմ և այլ անձանց կողմից ստացել են վնասվածքներ, այսինքն՝ ցուցմունքներն այդ բովանդակությունն են ստանալու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին, ապա Պողոսյանի խոսքով՝ կատարվածը մեր՝ որպես իրավական պետության վրա խորը հետք է թողնելու:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ