Քաղաքական - Եթե Թուրքիան Սիրիայի արևելքում դարձյալ գնա ռազմական լուծման ճանապարհով, ապա մենք լուրջ խնդիր կունենանք հայկական համայնքի անվտանգության մասով. արաբագետ (տեսանյութ)

Սիրիայի հանգուցալուծման բանալին Իդլիբով է սկսվում, այսինքն՝ Իդլիբի խնդիրը պետք է լուծվի, որ մենք սկսենք խոսել արդեն սիրիական հակամարտության կարգավորման մասին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կան խմբավորումներ, որոնք այս պահի դրությամբ վերահսկում են ամբողջ Իդլիբ նահանգը: Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվում են թուրքական ուժերը կամ նրանց կողմից սատարվող խմբավորումները, Եփրատից արևելք գտնվում են քրդերը, այսինքն՝ խայտաբղետ վիճակ է. տարբեր ուժեր ու խմբավորումներ վերահսկում են Սիրիայի հյուսիսը, դրանով է պայմանավորված, որ Սիրիայի հյուսիսն է այս պահին առանձնանում թեժ բախումներով: Իդլիբում բազմաթիվ շահեր են բախվում»,-ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ինչպես են գնահատվում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունները, ինչի մասին վերջին շրջանում թուրքերը շատ են խոսում, արաբագետը պատասխանեց՝ գերտերությունների ներքաղաքական դրությամբ պայմանավորված՝ Թուրքիայի համար պահը հարմար է Սիրիա մտնելու համար.  

«Մեծ տերությունները, որոնք շահագրգռված են սիրիական հակամարտության կարգավորմամբ, ունեն ներքաղաքական լուրջ խնդիրներ, օրինակ՝ ԱՄՆ-ում հրաձգություններ են, ՌԴ-ում փողոցային խժդժություններ են, Չինաստանն է զբաղված Հոնկոնգի խնդրով: Գերտերությունների ու տարածաշրջանների երկրների հետ լարված են հարաբերությունները: Սա լավ առիթ է, որ Թուրքիան ևս մեկ անգամ սկսի ռազմական գործողությունները, որի մասին բազմիցս հայտարարում է, հատկապես Էրդողանն է վերջին շրջանում ակտիվ»:

Սարգիս Գրիգորյանը նաև նշեց, որ Թուրքիայի՝ Եփրատից արևելք ընկած հատվածում ռազմական գործողությունները ուղղված են քրդերի դեմ, դրանից բացի Թուրքիան ցանկանում է վերահսկել Սիրիայի հյուսիսը, ցանկանում է՝ իր վերահսկողության տակ լինեն էներգակիրների ճանապարհները, այսինքն, բացի քրդերից, Թուրքիան մի շարք այլ խնդիրներ էլ է լուծում.

«Իսլամական վտանգը կար, որը, կարծես, աստիճանաբար հյուսիսի մասով նվազում է, և Թուրքիան, բացի իսլամական խնդրից, նաև քրդերի խնդիրն է լուծում: Թուրքիան, մտնելով հյուսիս, փորձում է չեզոքացնել Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունն այս հատվածում, ինչը ևս նկատելի է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայի հայկական թաղամասերի անվտանգությանը, արաբագետը նշեց, որ թեպետ մինչև օրս Իդլիբից Հալեպ ուղարկված հրթիռները ընկել են այլ տեղ, սակայն կարող են ընկնել հայկական թաղամասերի վրա.

«Ճիշտ է՝ Հալեպն ազատագրվեց, սակայն վտանգը դեռևս մնում է: Այդ վտանգը մնում է ոչ միայն Հալեպի, այլ Քեսաբի մասով, որովհետև Լաթաքիայի հյուսիսում դեռևս ակտիվ են ընդդիմադիր խմբավորումները, մասնավորապես՝ թուրքական: Վտանգ կա նաև Քամիշլիի հայկական թաղամասերի մասով, որովհետև եթե Թուրքիան գնա ռազմական լուծման ճանապարհով և ևս մեկ գործողություն սկսի արևելքի մասով, իսկ այնտեղ կուտակումներ կան սահմանի ողջ երկայնքով, մենք լուրջ խնդիր կունենանք հայկական համայնքի անվտանգության մասով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ