Քաղաքական - Պետք է արձագանքի, որ կարողանանք դուրս գալ իրավական կազուսից. Քոչարյանի աջակիցները ՄԻՊ-ին դիմում հանձնեցին

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին,  ՄԻՊ-ի գրասենյակին հանձնեցին իրենց 28 կետից բաղկացած դիմումը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, եւ իրենք ուզում են, որ ՄԻՊ-ն իր դիրքորոշումը հայտնի այս փաստաթղթում բարձրացված մտահոգությունների վերաբերյալ։

«Ուզում ենք, որ ՄԻՊ–ն արձագանքի այն դատական բեզպրեդելին, որը տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես, նախագահ Քոչարյանի հետ կապված»,– ասաց մասնակիցներից մեկը։

ՄԻՊ-ի մամուլի քարտուղարի տեղակալն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի համաձայն բողոքը կուսումնասիրվի։

Իրավաբան Վահե Եփիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի պաշտպան Արման Թաթոյանը մի քանի անգամ արձագանքել է երկրում առկա խայտառակ իրավախախտումներին, օրենսդրական ձախողումներին, եւ իրենք ուզում են, որ նա արձագանքի նաեւ Քոչարյանի հանդեպ թույլ տրվող անօրինականություններին.

«ՄԻՊ-ը պետք է պատշաճ կերպով արձագանքի տիրող իրավիճակին, որպեսզի կարողանանք դուրս գալ իրավական կազուսից։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը այդպես էլ մնում է բաց, չի քննվում։ ԲԴԽ-ն կարծես անգործության է մատնված։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը գործը չի մակագրում որեւէ մեկին։ Ստացվում է, որ բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրա վերաբերյալ արդեն իսկ 1 տարի է շարունակաբար խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում։ Հիմա առհասարակ դատաքննություն չի իրականացվում։ Ծիծաղելի է, բայց այդպես էլ դատարան չի ձեւավորվում»։

Եփիկյանն ասաց, որ դիմումի մեջ նշված կարեւոր խախտումներից է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը.

«Բոլորիս աչքի առջեւ դատարանների վրա ճնշում է իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումը, պաշտպանության կողմին չլսելը. նման նախադեպ երբեւէ չի եղել ոչ Հայաստանում, ոչ՝ այլ երկրում»։



news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ