Քաղաքական - Քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի. Արմեն Գրիգորյանը՝ Արցախի Սահմանադրությունը փոխելու Բաբայանի նախաձեռնության մասին

Հայաստանում փորձագետների որոշակի շրջանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի ուղերձները ճիշտ չի ընկալել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը, ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը։

«Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին, և սա է մեզ համար ամենաառաջնային խնդիրը», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե գործնականում ինչպե՞ս է արտահայտվելու Հայաստանի աջակցությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Քննարկվել ու այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն դրանում, որպեսզի լինի մեխանիզմ, որի օգնությամբ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»։

Լրագրողը հետաքրքրվեց, թե լինելով Արցախի բնակիչ, չի՞ պատրաստվում ինքը ևս առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում։ Ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և Արցախի Սահմանադրությամբ չի կարող մասնակցել արցախան ընտրություններին։

Մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ընդհանրապես, կարծում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։

Լրագրողը նկատեց, որ Հայաստանում իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ և այդ նպատակով 2020 թվականին աշխատանքային խումբ է ձևավորվելու և հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով է դա արվելու։


«Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է», - ի պատասխան ասաց Գրիգորյանը։

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ