Քաղաքական - Վանկարկելով միացում՝ իշխանությունները ամբոխահաճո հայտարարություն են անում, քանի որ իսկական միացման պահանջով արդեն իսկ օրակարգ է ձևավորվել. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում հնչեցրած ելույթում կային բազմաթիվ ուղերձներ, որոնք բազմիցս են հնչել, սակայն որևէ նոր ուղերձ այդ ելույթը չէր պարունակում:

«Ինձ անհանգստացրեց ժողովրդահաճո, տեղ-տեղ ամբոխահաճո կետերը, մասնավորապես այն հայտարարությունները, որոնք վերաբերում էին բնակչության թվաքանակը 5 մլն-ի հասցնելուն»,-ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ իշխանությունները համահայկական օրակարգ ձևավորելու ուղղությամբ որևէ քայլ չեն արել, թեպետ վարչապետ Փաշինյանը բազմիցս է խոսել նման օրակարգ ձևավորելու մասին.

«Համահայկական օրակարգը շատ լուրջ է, և այստեղ հեծանիվ հորինելու հարց չկա: Պետք է նայել մեկ այլ, մեզ շատ-շատ հարցերով նման ու մեզանից շատ-շատ տարբեր պետության օրինակին՝ Իսրայելին, որը հետապնդել է ազգային-կրոնական օրակարգ և ահռելի հաջողություններ է գրանցել: Մենք այդ ուղղությամբ ծրագրային մոտեցում կամ իրականացում չենք տեսնում, ցավոք սրտի: Պետք չէ ասել ճոռոմ բաներ, որոնց տակ ոչինչ չկա: Համահայկական օրակարգի ամենակարևոր խնդիրը պետք է լինի ներգաղթի կազմակերպումը, որը չպետք է լինի հեղափոխությունը գովաբանելով: Դա հստակ ծրագիր է, որի նշույլները չկան»:

Հարցին՝ վարչապետը մի քանի անգամ վանկարկեց «Միացում», Ձեր գնահատմամբ՝ այս իշխանությունները Հայաստան-Արցախ միացյալ պետություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնում են կամ կիրականացնե՞ն ապագայում, Մարտիրոսյանը պատասխանեց՝ իշխանություններն այս ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում.

«Իրենք off the records, ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ ասում են՝ դա որևէ կերպ անել չի կարելի, դա վտանգավոր է, դա պետք է լինի հեռահար քայլ: Մի աբսուրդ բան է, որին իրենք հավատում են: Հիմա ժողովրդահաճո հայտարարություն են անում, որովհետև արդեն օրակարգ է ձևավորվել իսկական միացման պահանջով և էժանացնում են միացում բառը, կիրառում են այն՝ առանց դիտարկելու իրական միացումը, հետո երբ բացատրում են, ասում են՝ այո, բայց մինչև միացումը Արցախը պետք է անկախ հռչակվի, այսինքն՝ ամբողջ միացման գաղափարը ապականում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:




tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ