Քաղաքական - Մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ տվյալ, որ «BBC»-ի հոդվածում նշված հանգամանքները հաստատվում են. Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհաստատեցին Մարտի 1-ի գործի վերաբերյալ «BBC»-ում այսօր հրապարակված որոշ տվյալներ։

Նշենք, որ հոդվածում նշվել էր, որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

Խուդոյանն ասաց, որ հոդվածագիրը նշել է, թե իրենց հայտնի են դարձել գործով տվյալներ, ու ավելացրեց.

«Պետք է պարզել՝ ի՞նչ է հասկանում հոդվածագիրը՝ նշելով, որ գործով պարզ է դարձել։ Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականությու՞ն են կամ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ այս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա պետք է դա հաստատի։ Պնդում եմ, որ մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Ասեմ ավելին՝ եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»։

Լրագրողի հարցին, թե չկա՞ն փաստեր, որոնց հիման վրա քննիչները նման հարցեր են տվել, փաստաբանը կրկնեց, որ ՀՔԾ-ի կողմից իրենց տրամադրած գործի նյութերում նման տեղեկություններ չկան։

«Մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ տվյալ, որ այդ հոդվածում նշված հանգամանքները հաստատվում են։ Ընդամենը քննիչի հարցերն են այդ մասին», - ավելացրեց Խուդոյանը։

Քոչարյանի մյուս փաստաբան Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ ինքը հոդվածագրին արձագանքել է՝ հերքելով այդ տեղեկությունները, նշելով, որ դրանց մասին նյութերում որևէ հանգամանք չկա։

Նա նաև ասաց, որ պատրաստվում են հարցեր ուղղել լրատվամիջոցին՝ պարզելու՝ ի՞նչ հիմքերի հիման վրա և ինչո՞ւ է այս պահին հրապարակվել այդ հոդվածը։


aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ