Քաղաքական - Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն պարբերաբար լինում է. Արտակ Դավթյան

Հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։

Նրա խոսքով՝ այդ  լարվածությունը կապված չի եղել հայկական Զինված ուժերի գործունեության հետ. «Դա դիտարկվում է որպես սադրանք՝ ադրբեջանական կողմից։ Մեր զինված ուժերը համապատասխան գործողություններ իրականացրել են՝ ի պատասխան նրանց կողմից արված սադրանքների։ Ցավոք սրտի, մենք ունեցանք զոհ և վիրավոր»։

Դիտարկմանը, թե նախկինում արցախա-ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաև հայ-ադրբեջանական սահմանին,  ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախ նշեց, որ Արցախը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, իսկ հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են. «Ուղղակի վերջին միջադեպերի ժամանակ զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել։ Ցավոք սրտի, հիմա ունեցանք զոհ և վիրավոր, որի արձագանքը, բնականաբար, ավելի մեծ էր»։

Արտակ Դավթյանը միաժամանակ ասաց, որ լարվածություն պարբերաբար լինում է  հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ։ «Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, որից հետո՝ նվազում  կամ կրակոցների դադարում։ Պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ է,   որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում։ Երկկողմանի գործընթացներ են, յուրաքանչյուր  կողմն ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։

Հարցին՝ արդյոք լարվածության օրերին օպերատիվ կապն օգտագործվե՞լ է, Արտակ Դավթյանը նշեց, որ օպերատիվ կապն օգտագործվում է՝ ըստ անհրաժեշտության։ «Յուրաքանչյուր անգամ, երբ լարվածության աճ է լինում, օպերատիվ կապն օգտագործվում է, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է»։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ